ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի գիտական խորհուրդը ուսումնական գործընթացի, ուսումնամեթոդական եւ գիտահետազոտական աշխատանքների գործունեությունը համակարգող ու կարգավորող մարմին է եւ գործում է ռեկտորի նախագահությամբ: Գիտական խորհրուրդը մի շարք փաստաթղթերի հետ միասին, քննարկել եւ հաստատել է նաեւ բակալավրի, մագիստրոսի եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերի լրամշակված, արդիականացված ու արտաքին շահեկիցների պահանջներին համապատասխանեցված ուսումնական պլանները: Ընդ որում այդ աշխատանքներում կարեւորվում են նաեւ ուսանողների մասնագիտական, քաղաքացիական, մարդկային հատկանիշների ձեւավորմանն ուղղված համալիր մոտեցումները: Այդ նպատակով մասնագիտական դասընթացների կողքին տեղ են գտել նաեւ հայոց պատմությունը, փիլիսոփայությունը, հոգեբանությունը, բարոյագիտությունը եւ այլ դասընթացներ, որոնք նպաստում են ուսանողների աշխարհայացքի, արժեհամակարգի, մարդկային նկարագրի, բարեկրթության ձեւավորմանը: Ակադեմիայում դեռեւս 2018 թվականի սեպտեմբերին ստեղծվել է աշխատանքային խումբ մասնագիտական կրթական ծրագրերի եւ առարկայական նկարագրերի լրամշակման, վերջնարդյունքների քարտեզագրման աշխատանքների համար՝ ակադեմիայում հաստատված կրթական ծրագրերի մշակման մեթոդական ուղենիշին համապատասխան:

Ակադեմիայի փորձառու պրոֆեսորադասախոսական կազմից նշանակվել են մասնագիտությունների եւ մասնագիտական կրթական ծրագրերի ղեկավարներ, ովքեր ամբիոնների համապատասխան պրոֆեսորադասախոսական կազմի հետ իրականացնում են այդ աշխատանքները:

Շարունակվում են աշխատանքներն ակադեմիայի բնականոն գործունեության, Բոլոնիայի գործընթացի դրույթների կատարման եւ ակադեմիայի վարկանիշի բարձրացման գործընթացների պատշաճ մակարդակով իրագործման ուղղությամբ: Մեզ համար առաջնահերթ խնդիր է համարվում ինստիտուցիոնալ հավատարմագրման հերթական գործընթացը, որին պատրաստվում են ակադեմիայի բոլոր ստորաբաժանումները՝ վերանայելով համապատասխան փաստաթղթերն ու գործընթացները:

Հայկանդուխտ ՂԱՐԻԲՅԱՆ

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու