Սեւանա լճի կանաչումը, ապա ինքնամաքրման առեղծվածը գլուխկոտրուկ է դարձել գիտնականների եւ բնապահպանների համար:

Լրացուցիչ ջրառը, թափոնների, ափամերձ օբյեկտների կոյուղու եւ այլ աղտոտված ջրերի հոսքը դեպի լիճ, ձկնագողության պատճառով ձկնապաշարների նվազումը, ինչի պատճառով խախտվել է սննդային շղթան եւ օրգանական նյութերի շրջանառությունը, «անադեմա» ցեղի բույսի ծաղկումը՝ ահա, մասնագետների կարծիքով, Սեւանա լճի կանաչելու հիմնական պատճառները:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտի հնէաբուսաբան Իվան Գաբրիելյանը, Երեւանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի պրոֆեսոր Վլադիմիր Բոյնագրյանը եւ ուսանող Թաթուլ Սահակյանը եւս նմուշներ են հավաքել լճից: Մասնագետների հետ սուզումներ է կատարել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի ջրափրկարարական ցիկլի պետ Արտակ Էլմասակյանը: Նրա խոսքով՝ ի տարբերություն մշակովի բույսերի, որոնց աճը մարդու խնամքից է կախված, այստեղ գործ ունենք կոյուղաջրերից սնվող եւ ջերմաստիճանի բարձրացման պայմաններում վերարտադրվող ջրիմուռի հետ։ «Կարծում եմ՝ առաջին հերթին պետք է խստագույնս արգելել կենցաղային, արտադրական թափոնների եւ կոյուղաջրերի մուտքը լիճ։ Ի վերջո, սա խմելու ջուր է․ չպետք է մոռանալ, որ Եվրոպայում մեկ շիշ ջուրը մեկ լիտր բենզինից թանկ արժե։ Լճի փրկությունն առաջին հերթին մարդու սրտացավության մեջ է։ Եթե կորցնենք Սեւանը, Հայաստանն անապատային երկիր կդառնա»,- մտահոգություն է հայտնում ջրասուզակը՝ մատնանշելով 1953 թվականից ի վեր Սեւանա լճի մակարդակի իջեցման պատճառով բազմաթիվ աղբյուրների ցամաքելու փաստը եւ ոռոգման ջրի խնդիրը։

Խումբը գիտական սուզումներ է կատարել նաեւ Արագածի Քարի լճում, Կոտայքի մարզի Ակնա եւ Ամբրո լճերում, Սիսիանի Սեւ լճում: Արտակ Էլմասակյանը ցավով նշում է՝ նույնիսկ բարձրադիր լճերում է մարդն իր հետքը թողել․ նախորդ տարիների համեմատ՝ ավելացել են ցեխային կուտակումները, լճերի հատակին կարելի է գտնել շշեր, անվադողներ, սնունդի մնացորդներ։ Այս առումով քիչ թե շատ պահպանվել է Սյունիքի մարզի Սեւ լիճ արգելավայրը, որտեղ այցելուների մուտքը հսկում է աշխատակիցը։ «Անընդհատ բնությանը դեմ գնալով՝ ոչ մի լավ բանի չենք հասնի։ Մարդը պատճառ է դարձել էկոլոգիական անհամատեղելիության։ Օրինակ՝ Ակնա լճում իշխան է բազմացվում, որը ոչնչացրել է վահանախեցգետնիկի գլխաքանակը»,- ամփոփում է ՃԿՊԱ դասախոսը։

Գիտնականների կատարած ուսումնասիրության արդյունքները հայտնի կդառնան շուտով:

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Արտակ Էլմասակյանը