Հունիսի 29-ին Երեւանյան լճում տեղի է ունեցել ակադեմիական թիավարության Հայաստանի առաջնությունը, որի ժամանակ մեկտեղանոց նավակով մրցման երկրորդ մրցանակին է արժանացել Ճգնաժամային կառավարման ակադեմիայի ուսանող, Արտակարգ իրավիճակների նախարարության Քաղաքացիական պաշտպանության վարչության ինժեներասակրավորային հրատեխնիկական խմբի օղակի հրամանատար, փ/ծ ավագ ենթասպա Աշոտ Հովհաննիսյանը։

Աշոտի սպորտային նախասիրությունները տարբեր են՝ մաս-ռեստլինգ, հեծանվավազք, ռաֆտինգ եւ այլն։ «Ակադեմիական թիավարությունն այն բացառիկ սպորտաձևերից է, որում ներգրավվում են մկանային համակարգի շուրջ 95 տոկոսը։ Դրա շնորհիվ ապահովվում է մարմնի ֆիզիկական հարմոնիան։ Թիավարությունն ինձ սովորեցրել է պարտությունը որպես նոր մարտահրավեր ընկալել, այլ ոչ թե՝ անհաջողություն»,- նշում է  մարզիկն ու հավելում՝ նպատակ ունի հաջորդ մրցաշարում չեմպիոնի տիտղոսը նվաճել, ինչու ոչ՝ հետագայում Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնել։

Ջրային մարզաձևերի օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոցի մարզիչ Աշոտ Բարսեղյանի խոսքով՝ ակադեմիական թիավարությամբ զբաղվում է Երեւանում բնակվող մոտ 50-60 հոգի։ Մարզերում զարգանում են թիավարության այլ տեսակները։ Մարզիկները շուրջտարի կոփվում են թե՛ դրսում, թե՛ մարզասրահում։ Գույքը համալրելու դեպքում նրանք պարապելու լայն հնարավորություն կունենան եւ հանդես կգան միջազգային մրցումներում։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Աշոտ Հովհաննիսյանը