ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան, Ստեփանավանի համայնքապետարանը, «Աղետների ռիսկի նվազեզման ազգային պլատֆորմ», Ջինիշյան հիշատակի, «Արմ ֆիլմ ինդուստրի դեվելոպմենտ» հիմնադրամները «Ինստիգեյթ ռոբոտիքս», «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս», «ՅՈՒ ԷՅ ՎԻ ԼԱԲ», «Ստեմ Դիդակտիկս» ընկերությունները, «Ստեփանավանի Լոռէ փրկարար ջոկատ» հասարակական կազմակերպությունը համատեղ ջանքերով Ստեփանավանում ստեղծելու են «Համայնքային երիտասարդական նորարարական ռեսուրս կենտրոն»: Համագործակցության հուշագիրն արդեն ստորագրվել է:

Ծրագիրն իրականացվում է ԱՌՆԱՊ հիմնադրամի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համատեղ ջանքերով եւ Եվրահանձնաժողովի մարդասիրական  օգնության եւ բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության ֆինանսավորմամբ իրականացվող «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում։

Ըստ հուշագրի, կենտրոնը լինելու է ոչ միայն երիտասարդների ազատ ժամանակը արդյունավետ տնօրինելու եւ տարբեր ոլորտներում նորարարական տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններն ուսումասիրելու, գիտելիք հաղորդելու միջոց, այլ նաեւ՝ գիտափորձարարական լաբորատորիա, անվտանգության մշակույթի ձեւավորման եւ տարածման ռեսուրս կենտրոն:

Վեց երիտասարդ արդեն անօդաչու թռչող սարքերի մոդելավորման, ծրագրավորման եւ հեռակառավարման վեցամսյա դասընթացների է մասնակցել եւ վկայական ստացել:

Հուշագրով հստակ սահմանված են կողմերի անելիքները: Օրինակ. Ստեփանավանի քաղաքապետարանը կենտրոնի համար տարածք կտրամադրի եւ կապահովի անվտանգությունը, «Լոռէ» ջոկատը կենտրոնի հրահանգիչների եւ սաների համար վերապատրաստման դասընթացներ կկազմակերպի, մասնավոր ընկերությունները կկազմակերպեն սեմինարներ եւ վարպետության դասեր, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան գիտահետազոտական աշխատանքների միջոցով կմշակի ռոբոտացված սարքերի, մասնավորաբար՝ անօդաչու թռչող սարքերի՝ ԱԹՍ-ների տեխնիկական առաջադրանքները եւ այլն:

ԱԻՆ ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանի խոսքով, նպատակ կա ԱԹՍ-ները օգտագործել ոչ միայն փրկարարական աշխատանքների համար, այլ նաեւ՝գիտական հետազոտությունների: Մասնավորաբար. դրոնների միջոցով իրականացվի ռիսկերի շերտավոր քարտեզների մշակում, որոնք կօգտագործվեն ոչ միայն օպերատիվ կառավարման համար, այլ նաեւ՝ ռիսկերի նվազեցման գործընթացում: «Որքան քիչ լինեն պատահարները, այնքան քիչ կլինեն կորուստները: Սարքերը կօգտագործվեն մոնիթորինգի համակարգ ձեւավորելու համար: Այս համակարգը կօգնի տեսնել նոր ծագած վտանգները: Օրինակ տեսնել լեռան լանջի ճեղքերն ու կանխել քարաթափումը: Կարող ենք իրականացնել գիտական աշխատանքներ, որոնք ուղղված կլինեն վտանգների կանխմանն ու կբարձրացնեն օպերատիվ գործողությունների արդյունավետությունը, օպերատիվ գործողությունները կտեղափոխվեն գիտական հիմքերի վրա», — տեղեկացրեց Համլետ Մաթեւոսյանը:

ԱԹՍ-ները կարող են օգտագործվել նաեւ ջրափրկարարության մեջ: Դրոնը կունենա աչք, շրջապատի ջերմությունը, քամու արագությունն ու ուղղությունը որոշող տվիչներ, կհաշվի տվյալ պայմաններում թռիչքի օպտիմալ բարձրությունը, տուժածի տեղը ջրում եւ հստակ կգցի փրկօղակը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ