ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ»՝ ԱՌՆԱՊ հիմնադրամի, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրերի Հայաստանի գրասենյակի համատեղ ջանքերով ՃԿՊԱ-ում կազմակերպվել է «Էկոլոգիական արտակարգ իրավիճակներ եւ էկոլոգիական վիճակի արագ գնահատման գործիք (FEAT)» թեմայով վերապատրաստման երկօրյա դասընթաց, որին մասնակցում են ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մոտ երկու տասնյակ դասախոս: Բանախոսներն են Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրերի Հայաստանի գրասենյակի աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի համակարգող Արմեն Չիլիգարյանն ու ԱՌՆԱՊ հիմնադրամի փորձագետ Վահան Հարությունյանը:

«Էկոլոգիական արտակարգ իրավիճակներ եւ էկոլոգիական վիճակի արագ գնահատման գործիք (FEAT)» թեմայով վերապատրաստման դասընթաց Հայաստանում առաջին անգամ կազմակերպվել է 2015 թվականի հոտկեմբերին Միավորված ազգերի կազմակերպության մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի (UN OCHA) մասնագետների ուժերով: Վերապատրաստվել է տեղացի 12 մասնագետ, այդ թվում՝ ՃԿՊԱ դասախոսներ, որոնք 2016-ին կազմակերպել են նույն թեմայով վերապատրաստման 5 դասընթաց՝ տարբեր մարզերում, տարբեր մասնագետների համար՝ փրկարարներ, պետական, համայնքային, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մանկավարժներ, ՃԿՊԱ «Քիմիական պաշտպանություն» առարկայում ներառվել են FEAT թեմայով դասաժամեր, մեր մասնագետները մսանակցել են FEAT թեմայով միջազգային հավաքների:

Էկոլոգիական արտակարգ իրավիճակների վերաբերյալ հերթական դասընթացի ընթացքում կքննարկվեն էկոլոգիական արտակարգ իրավիճակներին միջազգային արձագանքման մեխանիզմները, պատրաստվածության եւ այլ հարցեր: Դասընթացի կազմակերպիչները մտադիր են «Էկոլոգիական արտակարգ իրավիճակներ եւ էկոլոգիական վիճակի արագ գնահատման գործիք (FEAT)» թեման ներառել ՃԿՊԱ վերապատրաստման ծրագրերում: FEAT գործիքակազմին պիտի տեղյակ լինեն բոլորը: Հայաստանում կա 8 փակ, 15 գործող պոչամբար, 80 ջրամբար, բազմաթիվ քիմիական ձեռնարկություններ, որոնցում վթարը կարող է բերել բնապահպանական արտակարգ իրավիճակների: Այս օբյեկտների մատույցներում տասնյակ գյուղեր ու քաղաքներ կան: Սա արդեն ապացուցում է FEAT դասընթացի կարեւորությունը: Այս համայնքների ղեկավարները պետք է տեղյակ լինեն FEAT-ից, իսկ բնակիչներն էլ իմանան, թե ինչ պետք է անել վթարի դեպքում:

ՏԵՂԵԿԱՆՔ

Դեռեւս 1993-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան արձանագրեց, որ բնապահպանական արտակարգ իրավիճակները լուրջ վտանգ ու սպառնալիք են մարդու առողջության, հանրային կյանքի հաջող ընթացքի ու զարգացման, երկրի տնտեսության համար: Քննարկման ժամանակ կարեւորվեց բնապահպանական արտակարգ իրավիճակների դեմ պայքարում համագործակցության անհրաժեշտությունը: 1995-ից սկսեցին «Շրջակա միջավայր եւ արտակարգ իրավիճակներ» համաժողովները, մշակվեց «Բնապահպանական արտակարգ իրավիճակների արագ գնահատման գործիք» (The Flash Environmental Assessment Tool` FEAT): 2012 թվականից գործում է էկոլոգիական արտակարգ իրավիճակների վիրտուալ կենտրոնը՝ (The Environmental Emergencies Centre՝ EEC, www.eecentre.org):

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Սյուզաննա ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻ