Հունիսի 15-16-ը Երեւանի «Դինամո» մարզահամալիրում կայացավ մաս-ռեստլինգի Հայաստանի 9-րդ բաց առաջնությունը, որին մասնակցում էր մոտ 80 մարզիկ Հայաստանից եւ Ջավախքից։ Եզրափակիչ մենամարտերից առաջ հաշմանդամություն ունեցող 6 բազկամարտիկների միջեւ տեղի ունեցավ նաեւ Armfight մրցումը, որն իր բնույթով առաջինն էր ամբողջ աշխարհում։

Հայաստանի մաս-ռեստլինգի ֆեդերացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանի խոսքով՝ այս տարի բոլոր քաշային կարգերում ռեկորդային թվով աղջիկներ են մասնակցել։ Առաջնության մասին տեղեկության տարածմանն օգնել էին համացանցն ու թռուցիկները։

Գրանցված արդյունքներով վերջնականապես ձեւավորվեց Հայաստանի ազգային հավաքականի կազմը, որը սեպտեմբերին կմեկնի մաս-ռեստլինգի աշխարհի առաջնության։

Մինչեւ 90 կգ քաշային կարգում առաջատար է դարձել Արտակարգ իրավիճակների նախարարության Քաղաքացիական պաշտպանության վարչության ինժեներասակրավորային հրատեխնիկական խմբի օղակի հրամանատար, փ/ծ ավագ ենթասպա Աշոտ Հովհաննիսյանը։ Աշոտը նաեւ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մագիստրատուրայի ուսանող է։ Նույն մրցահարթակում աշխարհի չեմպիոնի նկատմամբ տարած հաղթանակն իր մեծագույն ձեռքբերումներից է համարում։  Ձեռնամարտի, քիքբոքսինգի եւ ֆիթնեսի մարզիչ մարզիկը վերջերս նաեւ Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատելու հրավել է ստացել, սակայն մերժել․ իր աշխատանքն ու ծննդավայրը շատ է սիրում։

Մինչեւ 70 կգ քաշային կարգում հաղթողի պատվանդանին է կանգնել ՃԿՊԱ ուսանող, Գինեսի եւ հայկական «Դյուցազնագրքի» ռեկորդակիր Յուրի Սաքունցը։ «Թեժ մրցակցություն էր, հաղթանակս դժվարությամբ տրվեց, քանի որ տարբեր միջազգային մրցումների տիտղոսակիրների հետ էի մրցում։ Մեզ գնահատում էր Ուկրաինայի մաս-ռեստլինգի ֆեդերացիայի նախագահը, որն առաջնության մրցավարներից էր»,- պատմում է Յուրին։

Արտավազդ Նալբանդյանը հավելում է՝ դեռ 2013 թվականին Տաշքենդում անցկացվող մրցաշարին Հայաստանը մեկ հոգի էր ներկայացնում, իսկ վերջին տարիներին մեր մարզիկները 23 միջազգային առաջնությունում մեդալներ են նվաճել։ Թիմային հաշվարկով Հայաստանը գրեթե միշտ առաջին եռյակում է լինում։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Արտավազդ Նալբանդյանը

Հ. Գ. ՃԿՊԱ ուսանողների մարզական հաջողություններին մենք բազմիցս անդրադարձել ենք.

ՃԿՊԱ ուսանողը «Դյուցազնագրքի» նոր ռեկորդ սահմանեց

Զորիկ Պողոսյանն ու Յուրի Սաքունցը ՝ աշխարհի չեմպիոններ

ԱԻՆ մարզիկները ոսկե մեդալներ են նվաճել