Այսօր տեղի ունեցավ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի գիտական խորհրդի հերթական նիստը, որի ժամանակ ամփոփվեց ՃԿՊԱ 2014-2019 թվականների զարգացման ռազմավարական ծրագիրն ու ընդունվեց 2019-2023 հատվածի ծրագիրը:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան աշխատել եւ աշխատելու է արագ փոփոխվող միջավայրում սովորողների կազմի ընդլայնման, դասավանդման որակի շարունակական բարձրացման, կրթության շարունակականության ապահովման ուղղությամբ: Այս ամենի համար ակադեմիան ունի հմուտ պրոֆեսորա-դասախոսական կազմ, տեխնիկական ժամանակակից հագեցվածություն, էլեկտրոնային զարգացած հարթակներ, գիտական կենտրոն, լաբորատորիաներ, ներդրվում են նոր մասնագիտություններ՝ օրինակ «Աղետների հոգեբանություն», ժամանակի պահանջներին հարիր փոխվում են կրթական ծրագրերն ու ուսումնական պլանները: Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրերի Հայաստանի գրասենյակի հետ համագործակցության արդյունքում ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան անօդաչու թռչող սարք է ստացել՝ համապատասխան ծրագրային ապահովմամբ: Սարքը կարող է օգտագործվել թե կրթական, թե վերապատրաստման ծրագրերում:

Վերջում գիտական խորհուրդը դոցենտի գիտական աստիճան շնորհեց ՃԿՊԱ բնական գիտությունների ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու Գրիգոր Ներսիսյանին: Որոշումը կուղարկվի կրթության եւ գիտության նախարարության Բարձրագույն որակավորման կոմիտեի հաստատմանը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ