Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողներից շատերը պրոֆեսիոնալ մարզիկներ են, որոնք ուսմանը զուգընթաց նաեւ սպորտային կենսագրություն են ստեղծում։ Նրանցից է առաջինկուրսեցի, 15-ամյա Սերգեյ Եղիազարյանը, որը «Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում եւ շահագործում» մասնագիտությամբ է սովորում։

Սերգեյը 11 տարի շոտոկան կարատեով է զբաղվում, տեղական տարբեր մրցումների բազմակի մեդալակիր է։ Անցած ամիս՝ ապրիլին, իր քաշային կարգում դարձել է Հայաստանի փոխչեմպիոն։ Պատանին արդեն իսկ ընդգրկվել է Հայաստանի հավաքականի հիմնական կազմում եւ մասնակցելու է այս ամռանը Վրաստանում կայանալիք առաջնությանը։  «Փոքրուց տարվել եմ այս սպորտով, այն զարգացնում է միտքը։ Եթե կարատեում փորձես միայն ֆիզիկական ուժ կիրառել, ոչնչի չես հասնի։ Ամեն մարզիկ տարիների հետ իր տեխնիկան է մշակում։ Այս հարցում ինձ օգնել է մարզիչս՝ սեւ գոտի 4-րդ դանի վարպետ Վահագն Վարդանյանը։ Երազում եմ նրա պես վարպետության աստիճանի հասնել եւ բացել մարզադահլիճ, որտեղ ինքս կուսուցանեմ երեխաներին»,- նշում է Սերգեյը։

ՃԿՊԱ ուսանողն ակտիվ մասնակցում է Երեւան քաղաքում անցկացվող տարբեր միջոցառումներին եւ ցուցադրական ելույթներով ներկայացնում արեւելյան մարտարվեստի պատմությունը։ Իր մարզական գործունեության ընթացքում բազմիցս վնասվածքներ է ստացել, սակայն երբեք չի ընկրկել, կարատեն սովորեցնում է դիմադրել ցավին ու փորձություններին։ Կատակում է՝ չի սիրում հատկապես ընկերների հետ նույն մրցահարթակ դուրս գալ․ ընկերությունն ու սպորտը միմյանց շատ են խանգարում։

Վերջերս Սերգեյի կյանքում ճակատագրական-շրջադարձային հանդիպում է կայացել սեւ գոտի 9-րդ դանի վարպետ, ճապոնացի Հիտոշի Կասուայի հետ, որը վարպետության դասընթացի շրջանակում պատմել է շոտոկան կարատեի տարբեր ճյուղերի նրբությունների մասին։ Աշխարհահռչակ մարզիկի խորհուրդները գոտեպնդել են պատանուն, առաջիկա օլիմպիական խաղերին իր մասնակցությունն այլեւս անիրական չի թվում։

Սերգեյի բնորոշմամբ՝ ակադեմիայում «սուպերհերոսի» մասնագիտություն ստանալու որոշումը պատահական չի եղել։ Խումբը լավն է, մեկ տարվա ընթացքում մտերմացել են։  Նորեկին բնորոշ երկչոտությունն անցել է, լիովին վայելում են ուսանողական կյանքը։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ