ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով հաստատված պլանի համաձայն, ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում 2019 թվականին կվերապատրաստվի 319 փրկարար:

Մայիսի 20-24-ը անցկացվում է «Որոնողափրկարարական հարցերով միջազզգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group)՝ INSARAG-ի չափանիշներով որակավորման դասընթաց՝ «Շինարարական կառուցվածքների կայունացման համակարգեր՝ ամրակապում»: Մասնակցում են հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի, Լոռու, Տավուշի, Շիրակի, Սյունիքի մարզերի քաղաքային որոնողափրկարարական թիմերի փրկարարները՝ 15 հոգի: Դասընթացի տեւողությունը 40 ժամ է, որից 16-ը՝ տեսական, 24-ը՝ գործնական:

Դասընթացի թեմաներն են. «Փլուզված շինություններում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող փրկարարներին սպառնացող հիմնական վտանգներն ու վտանգավոր գործոնները, անվտանգության ապահովումը», «Շինարարական կառուցվածքների կայունացման ժամանակ առկա վտանգները», «Կայունացման համակարգ՝ սահմանում, կիրառում, տերմինաբանություն», «Փլուզված շինությունների ինժեներական եւ տեխնիկական գնահատումը», «Կայունացման համակարգի փայտանյութի կտրման եւ նախապատրաստման աշխատանքներ», «Շինարարական կառուցվածքների կայունացման համակարգեր», «Շինարարական նյութերի հաշվարկային խնդիրներ»:

Փրկարարների՝ այս տարի նախատեսված վերապատրաստման 16 դասընթացից 7-ը INSARAG-ի չափորոշիչներով է: Արդեն կազմակերպվել է նման երկու դասընթաց.

«Տեխնիկական որոնում»

«Համակողմանի ապահովում»

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները