Ըստ ուսումնասիրությունների՝ կլիմայական փոփոխությունների հետեւանքով տարեկան 175 միլիոն երեխա ենթարկվում է բնական երեւույթների ազդեցությանը՝ երաշտ, փոթորիկ, երկրաշարժ, սողանք, խոշոր հրդեհներ եւ այլն։ Ցանկացած պետության գերխնդիրը պետք է լինի երեխաների ֆիզիկական եւ հոգեկան առողջությունը, քանի որ հենց նրանք աղետների ժամանակ ամենաշատն աջակցության կարիք ունեն։

Վաղ մանկական տարիքից պաշտպանական վարքագծի ձեւավորման անհրաժեշտությունը բազմիցս բարձրաձայնել են երեխաների հարցերով զբաղվող միջազգային կառույցները, մշակվել են ծրագրեր եւ ուղեցույցներ։ Այդուհանդերձ տալ գիտելիք դեռ չի նշանակում ստեղծել անվտանգության մշակույթ։ Փաստերը վկայում են՝ արտակարգ իրավիճակների վերաբերյալ կրթական ռազմավարությունն արմատապես չի ազդում իրական դեպքի ժամանակ շահառուների գործողությունների վրա։

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան «անվտանգ» մտածողության՝ անվտանգության մշակույթի ձեւավորման ջատագովներից է։ 2002 թվականից առայսօր նախադպրոցական եւ դպրոցական տարիքի համար մշակվել են մի շարք ուսուցողական խաղեր, բանաստեղծություններ, հեքիաթներ, արտակարգ իրավիճակների մասին պատմող անիմացիոն, կարճամետրաժ ուսուցողական ֆիլմեր եւ այլն։ Երեւանի եւ մարզերի կրթական հաստատություններում անցկացվել եւ անցկացվում են թեմատիկ վարժանքներ ու դասախոսություններ, որոնց ընթացքում երեխաները սովորում են տան անվտանգ կահավորումից մինչեւ առաջնային օգնության հմտություններ։

Նախորդ տարի ՃԿՊԱ-ի, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության եւ «Օքսեջեն» հիմնադրամի համատեղ պիլոտային ծրագրով նաեւ 10 փրկարար տիկնիկ ստեղծվեց։ Դավիթ ու Անահիտ անունները կրող խաղալիքները նախատեսված են տարբեր սեռերի 3-6 տարեկան երեխաների համար։ Տիկնիկը բանաստեղծությունների միջոցով պատմում է իր տեսած վտանգների՝ ժայռի ծայրին կառուցված տների, ծանր իրերով բեռնված պահարանի, լուցկու սխալ օգտագործման եւ այլնի մասին։ «Այս տիկնիկները փորձնական էին, նպատակն էր նորարարական մոտեցումների միջոցով նախադպրոցական եւ տարրական դասարանի երեխաներին տրամադրել աղետների ռիսկերի նվազեցման վերաբերյալ կրթություն։ Հետագայում կարելի է կատարելագործել խաղալիքները, որպեսզի դրանք ոչ միայն ինֆորմացիա տան, այլեւ երեխային խաղի մեջ ընդգրկեն, ասենք՝ տարբեր հարցերի միջոցով։ Համապատասխան ֆինանսավորման դեպքում պատրաստ ենք բազմացնել տիկնիկները եւ ակադեմիայի միջոցով տրամադրել նախադպրոցական հաստատություններին՝ որպես մասնագետների վերապատրաստման դասընթացի ավարտին տրամադրվող նյութ»,- նշում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հաղորդակցության եւ հանրային կապերի համակարգող Արթուր Ավթանդիլյանը։

ՃԿՊԱ-ի ղեկավարության ջանքերով՝ այսօր 3-12-րդ դասարանների՝ շրջակա միջավայրին, աշխարհագրությանը եւ նախնական զինվորական պատրաստությանը վերաբերող առարկաների շրջանակում արտակարգ իրավիճակներին նվիրված դասեր են ներառվել։ Առանձին առարկա ներդնելն ակադեմիան հեռանկարային չի համարում, քանի որ դպրոցականները տարբեր նախասիրություններ ունեն, եւ պարտադրանքն այս դեպքում արդարացված չէ։ Փոխարենն առաջարկվում է ուսուցիչներին փոքր անդրադարձ կատարել դպրոցական գրականության մեջ հանդիպող արտակարգ իրավիճակներին վերաբերող եզրույթներին։ Օրինակ Շիրվազնադեի «Քաոսն» անցնելիս մի քիչ խոսել նավթահանքերի հրդեհների մասին, իսկ ձմեռային թեմաներով բանաստեղծությունների դասին խոսել ձնաբքից կամ մերկասռույցից:

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ