Մայիսի 18-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կայացավ միջին մասնագիտական կրթական ծրագրի երեք մասնագիտության 54 ուսանողի ավարտական ցերեկույթը: Շրջանավարտները պատմեցին փրկարարի մասնագիտության դժվարությունների, մեծ կյանքում ինքնաճանաչման փուլերի եւ սիրո մասին, որը ստացել են ակադեմիայում: Աղջիկները ներկաներին զարմացրին «Հիպ-հոպ», «Քոչարի» եւ այլ պարերով:

ՃԿՊԱ Ճգնաժամային կառավարման եւ արտակարգ իրավիճակների ֆակուլտետի դեկանի տեղակալ Վահագն Կրբեկյանն իր ելույթում  կատակեց՝ այսօր քոլեջի ուսանողները դուրս եկան «մանկապարտեզային» տարիքից: Եվ այսուհետ ինչ մասնագիտական ընտրություն էլ կատարեն, թող այն գիտակցված լինի:

Դասախոս ՌուզաննաՂարիբյանը, որն օգնել էր միջոցառման կազմակերպչական հարցերում, ժպիտով վերհիշեց ուսանողների հետ անձնական զրույցները, որոնց շնորհիվ շատերը հաղթահարել են անցումային տարիքի խնդիրները, հուզականությունը:

«Երբեք չեմ զղջացել, որ դպրոցից հետո կրթությունս այստեղ եմ շարունակել: Ակադեմիայի մասին իմացել եմ «ԱԻՆ 911» սերիալից, որոշել ինքս օգուտ տալ մարդկությանը: Այլ նախասիրություն էլ ունեմ՝ հաշվապահությունը. միգուցե այդ ուղղությամբ մասնագիտանամ հետագա կյանքում»,- անկեղծացավ շրջանավարտ Նաիրա Նարգիզյանը:

Միջոցառման միակ տղա մասնակից Արման Չիլինգարյանի խոսքով՝ ակադեմիայում կրթություն ստանալու որոշումը կայացրել է մոր խնդրանքով, եւմիայն այստեղ ուսանելով է հասկացել փրկարարի գործի կարեւորությունը: Արմանը որոշ ժամանակ «Հայֆիլմ» կինոստուդիայում դերասանական վարպետություն է սովորել: Առաջիկայում իր կյանքը մեծ բեմի հետ է կապում:

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ