Մայիսի 14-ին Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Ճգնաժամային կառավարում» մասնագիտության երկրորդ կուրսի 30 ուսանողի համար «Արտակարգ իրավիճակների հիմունքներ» առարկայի շրջանակում արտագնա դասախոսություն է կազմակերպվել Կոտայքի մարզի Ողջաբերդ, Գառնի եւ Գողթ համայնքներում:

Քաղաքացիական պաշտպանության ամբիոնի դասախոս, խմբի ղեկավար Կարապետ Սարաֆյանի խոսքով՝ ուսանողները գործնականում ուսումնասիրել են տվյալ տարածքին բնորոշ երկրաբանական վտանգավոր երեւույթները, կատարել ապարների նմուշառումներ։

Սողանքային ակտիվ գոտում գտնվող Ողջաբերդում Կարապետ Սարաֆյանը խոսել է սողանքային տարրերի, նստեցման երեւույթների, ճանապարհների եւ շենքերի վրա սողանքի նկատելի ազդեցության, լճային նստվածքների մասին։ Գառնիում ուսանողները տեսել են 1679 թվականի ուժեղ երկրաշարժի էպիկենտրոնը, հրաբխի արդյունք բազալտի սյունաձեւ անջատումները, Ազատ գետի կիրճում կուտակված հրաբխային մոխիրը։ Գեղարդի կիրճում ուսանողները հնարավորություն են ունեցել ծանոթանալ Գեղամա լեռների հրաբխային ժայթքման արդյունքում փոփոխված ռելիեֆային տարրերին, Գեղարդի սելավատարին, քարանձավներին։

Անդրադարձ է կատարվել նաեւ տվյալ տարածքներում ջրի եւ քամու պատճառով առաջացած էրոզիոն գործընթացներին։ «Դասախոսներից մեկի խնդրանքով, մասնակիցները աշխարհատեղեկատվական համակարգերի մասին իրենց գիտելիքն օգտագործելով, ֆիքսել են ուսումնասիրված երկրաբանական օբյեկտների կոորդինատները՝ GIS քարտեզի համալրման նպատակով։ Սա մեր երկրորդ այցելությունն էր։ Նման ճանաչողական էքսկուրսիա կազմակերպելու ցանկություն են հայտնել նաեւ բարձրկուրսեցիները»,- ամփոփեց Կարապետ Սարաֆյանը։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են մասնակիցները