Մայիսի 10-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում տեղի ունեցավ «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» գիտական եւ գիտամեթոդական հոդվածների ժողովածուի խորհրդի նիստ: 2010 թվականից հրատարակվում է ժողովածուի տարեկան մեկ համար, մի քանի տարի՝ երկու: Ակադեմիայի ղեկավարության որոշմամբ այսուհետ մշտապես կհրատարակվի տարեկան երկու համար: Սրա համար անհրաժեշտ է, որ «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» գիտական եւ գիտամեթոդական հոդվածների ժողովածուն անվանափոխվի «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» գիտական եւ գիտամեթոդական հոդվածների հանդես՝ նոր խորհրդի կազմով: Այս հարցերի լուծման համար էլ հրավիրվել էր նիստը:

Նիստում ձեւավորվեց հանդեսի խորհուրդը՝ 19 հոգի՝ տեխնիկական, մանկավարժական, աշխարհագրական, բժշկական, երկրաբանական, սոցիոլոգիական եւ այլ գիտությունների 12 դոկտոր եւ 7 թեկնածու: Հանդեսի գլխավոր խմբագիրը ՃԿՊԱ ռեկտոր փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանն է, տեղակալը՝ պրոռեկտոր Հայկանդուխտ Ղարիբյանը, պատասխանատու քարտուղարը՝ ՃԿՊԱ արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամային կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ Վահագն Կրբեկյանը:

Մինչ օրս «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» պարբերականում հրատարակվել է 334 հոդված, որից 210-ը՝ ակադեմիայի մասնագետների հեղինակած: Եղել Հայաստանի այլ բուհերի եւ այլ պետություններից ուղարկված հոդվածներ: Սա նկատի ունենալով էլ խորհուրդը որոշեց իր կազմում ընդգրկել նաեւ այլ պետություններից գիտնականների:

Պարբերականը չի վաճառվում, տրամադրվում է գրադարաններին, ԱԻՆ տարբեր ստորաբաժանումների՝ այդ թվում՝ փրկարար ծառայության մարզային կառույցներին:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ