Մայիսի 8- ին Ստեփանավանում անցկացվեցին ժայռամագլցման մրցումներ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրի ուսանողների համար։ Մրցաձեւի անցկացման չափորոշիչների հարցում աջակցել էր ՃԿՊԱ պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Գեւորգ Հովակիմյանը։ 26 պատանի, հաղթահարելով 11 մետր բարձրությամբ արհեստական պատի խոչընդոտները, արժանացան գավաթների ու դիպլոմների։ Աղջիկների մրցման հաղթողներն էին Սուսաննա Սարիբեկյանը, Անահիտ Պետրոսյանն ու Աննա Աղաջանյանը, տղաներինը՝ Հրաչ Ջուլհակյանը, Արեն Վարդանովը եւ Արեն Գեւորգյանը։ Բոլոր մասնակիցները հնարավորություն ստացան անվճար օգտվելու Ստեփանավանի պարանային այգուց։  

Ստեփանավանի միջին մասնագիտական կրթական ծրագրի ղեկավար Արմեն Առաքելյանը մանրամասնեց՝ մասնակցության բազմաթիվ հայտեր էին եղել, սակայն փորձի պակասի պատճառով շատերը մրցութային փուլ չէին անցել։ Թիմերը ժայռամագլցման պատին ծանոթ էին «Փրկարարություն» առարկայի գործնական պարապմունքներից։ «Բոլորիս զարմացրին հատկապես աղջիկների համառությունն ու նպատակասլացությունը։ Մասնակիցները հիմնականում արշավականներ եւ էքստրիմի սիրահարներ են, ոմանք՝ Մանկապատանեկան կենտրոնի «Պատանի տուրիստներ» խմբակների անդամ»,- հպարտությամբ նշեց Արմեն Առաքելյանը։

Մրցումների ավարտից հետո Ստեփանավանի կամավորական փրկարարական հատուկ ջոկատին պատկանող հեռակառավարվող դրոնով  ներկաներին ցուցադրվեց փրկարարական էլեմենտով պարանի տեղափոխման գործընթացը։

Ծրագրի ղեկավարի խոսքով՝ հունիսի 1-ին նախատեսվում է նաեւ ժայռամագլցման քաղաքային առաջնություն։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Արմեն Առաքելյանը