ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում այսօր՝ Մայիսի 3-ին մեկնարկում են 2018-2019 ուսումնական տարվա պետական ամփոփիչ ատեստավորման քննությունները՝ բակալավրի կրթական ծրագրով առկա եւ հեռակա ուսուցման ձեւերով 6 մասնագիտության գծով (ճգնաժամային կառավարում, կառավարում, անվտանգությունն արտակարգ իրավիճակներում, հրդեհային պաշտպանություն, փրկարարական գործ, քաղաքացիական պաշտպանություն, հրդեհային անվտանգություն) 200 ուսանող, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով 3 մասնագիտության գծով (հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում եւ նորոգում, կառավարում արտակարգ իրավիճակներում, հրդեհային պաշտպանություն) 50 ուսանող:

Այս ուսումնական տարում առաջին անգամ միջին մասնագիտական կրթական ծրագրով կունենանք առաջին շրջանավարտը հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում եւ շահագործում մասնագիտությամբ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով ստեղծվել է պետական ամփոփիչ ատեստավորման քննական հանձնաժողով: Կառավարում եւ պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում մասնագիտությունների մասով հանձնաժողովը կղեկավարի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, իսկ հրշեջ-փրկարարական եւ քաղաքացիական պաշտպանության մասնագիտությունների մասով՝ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

Հանձնաժողովի նախագահի տեղակալը  ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանն է: Հանձնաժողովում ընդգրկված են մասնագետներ ԱԻՆ փրկարար ծառայության տարբեր վարչություններից, ՃԿՊԱ-ից, այլ բուհերից՝ Երեւանի պետական լեզվահասարակագիտական համալսարան, Հայաստանի պետական մանկավարժական համալսարան,  Հայաստանի ազգային ագրարային համալսարան:

Ապրիլի 10-ից ՃԿՊԱ-ում սկսվել են բոլոր մասնագիտությունների գծով ակնարկային դասերն ու խորհրդատվություններն  ըստ դասընթացների: Ստեղծվել են բոլոր պայմանները, որպեսզի ուսանողները ստանան մասնագիտական գիտելիքներ, կարողություններ ու հմտություններ:

Բարի երթ շրջանավարտ:

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ