Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ֆիզդաստիարակության դասախոս Աննա Նասիլյանը, չնայած խստապահանջությանը, ուսանողների լավ ընկերն է։ Ափսոսանքով նկատում է՝ այսօրվա երիտասարդները ֆիզիկապես թույլ են, սպորտին մեծ կարեւորություն չեն տալիս։ Այս հարցում, թերեւս, դպրոցների մեղքը կա․ հատկապես մարզային ուսումնական հաստատությունների մարզադահլիճներում պայմանների բացակայության պատճառով ֆիզկուլտուրայի դասերը երկրորդական են դառնում։ «Ես հաճախ ասում եմ, որ ֆիզիկական գեղեցկությունն անցողիկ երեւույթ է․ քանի երիտասարդ ենք, պետք է շտկել կառուցվածքը, շատ քայլել եւ քիչ խաղալ հեռախոսով։ Պարապմունքների ընթացքում ամենաշատ կոնֆլիկտները հենց հեռախոսի պատճառով են լինում։ Որպես մանկավարժ եւ դեռահասի մայր՝ փորձում եմ հասկանալ ուսանողներիս»,- անկեղծանում է դասախոսը՝ միաժամանակ հպարտությամբ հավելելով, որ կիրթ սերունդ է մեծանում, որը լավ գիտի իր իրավունքները։

Սպորտային կարիերայի բոլոր դժվարություններում կոփված կինն արդեն 19 տարի գիտական գործունեությամբ է զբաղվում։ Նախկինում թեթեւ ատլետիկա մարզաձեւի Հայաստանի բազմակի չեմպիոն, համահայկական խաղերի լավագույն մարզուհի, սպորտի վարպետ Աննան իրեն երջանիկ մարդ է համարում․ թեեւ մեծ զրկանքների գնով՝ հասել է բոլոր նպատակներին։ Երանությամբ է հիշում հատկապես 2000 թվականին Սիդնեյի օլիմպիական խաղերը, որոնց տասնյակ հայ մարզիկներ էին մասնակցում։ Տեղի հայ համայնքը պատվով ընդունել եւ քաղաքին էր ծանոթացրել իրենց հայրենակիցներին։

Սպորտի՝ որպես մասնագիտության ընտրությունն Աննայի կյանքի լավագույն որոշումներից էր։ Հաղթահարելով բարձրագույն կրթության բոլոր աստիճանները եւ երկար տարիներ զբաղվելով մարզչական գործեունեությամբ՝ նա հասկացել է՝ կյանքում անհնարին ոչինչ չկա, միայն ցանկություն եւ աշխատասիրություն է պետք։ «Տարիներ առաջ մեր երկրում բազմաթիվ մարզիկներ կային։ Միայն Վանաձորից մի քանի ավտոբուս էր մեկնում մրցումների։ Այսօր նույն կարգում մրցող մարզիկները քիչ են, եւ չլինելով առաջատար մասնագետ՝ դու էլի լավագույնն ես համարվում։ Սա խոչընդոտում է սպորտի զարգացումը։ Ոլորտում շատ խնդիրներ կան, առաջին հերթին՝ մարզադաշտերի պայմաններն ու մարզահագուստը։ Այդ է պատճառը, որ որոշ սպորտաձեւեր, ինչպես թեթեւ ատլետիկան է, տարեցտարի «մահանում» են»,- ասում է փորձառու մարզիկը։

Դասերից դուրս Աննան սովորական կին է՝ իր թերություններով ու թուլություններով։ Սիրում է գեղեցիկ հագուստ գնել, ճամփորդել, լուսանկարվել, իրեն շրջապատել ծաղիկներով։ Որդիների հուսալի խորհրդատուն է, նրանց հաջողությունների խթանողը։ Քանիերորդ անգամ ողջ ընտանիքով մասնակցում են «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցումներին եւ մեդալների արժանանում։ Երջանկության գրավականն Աննայի համար ընտանիքում եւ սիրելի աշխատավայրում ողջ ներուժդ իրացնելու մեջ է։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ