Ապրիլի 17-19-ը Երեւանի Yerevan EXPO ցուցահանդեսային համալիրում անցկացվում է «Կրթություն եւ կարիերա 2019» արդեն 19-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին, ի թիվս այլ ուսումնական հաստատությունների, կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների, մասնակցում է նաեւ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան՝ ՃԿՊԱ: Նման ցուցահանդեսներ կազմակերպվում են 2000 թվականից, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան մասնակցում է 2008 թվականից:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով, նման ցուցահանդեսները կարեւոր են համագործակցության նոր ուղիներ նախանշելու, անցած տարիների ձեռքբերումները ներկայացնելու, փորձի փոխանակման, փոխլրացման առումով:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի տաղավարում ներկայացված են բուհի վերաբերյալ գրքույկներ, գիտական եւ գիտամեթոդական աշխատություններ, «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» ժողովածուն, ՃԿՊԱ ձեռքբերումները՝ մեդալներ, շքանշաններ, պատվոգրեր, պաստառներ: Տաղավարում ցուցադրվում է Համլետ Մաթեւոսյանի «Աղետիկը» բանաստեղծությունների շարքի հիման վրա ստեղծված մուլտֆիմը:

«Կրթություն եւ կարիերա 2019» ցուցահանդեսին մասնակցում է 77 կազմակերպություն՝ խոհարարական եւ հյուրասիրության հմտություն ուսուցանող կենտրոնից մինչեւ կրթաթոշակներ տրամադրող հիմնադրամ:Բազմազան են նաեւ կազմակերպությունների կարգախոսները՝ «Ճիշտ մասնագիտություն՝ բարեկեցիկ ապագա», «Ապրելու պատճառ», «Խորհենք միասին, գործենք համատեղ, ստեղծենք նորը», «Հրավեր դեպի ապագա» եւ այլն:

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ