Անցած շաբաթ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Հրդեհային պաշտպանություն» եւ «Քաղաքացիական պաշտպանություն» մասնագիտությունների առաջին կուրսերի «Բնապահպանություն» առարկայի դասախոսությունն անցկացվեց ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի Երեւանի Օրհուս կենտրոնում՝ ՃԿՊԱ եւ Օրհուս կենտրոնի մասնագետների մասնակցությամբ:

Դասախոսությունը նվիրված էր Օրհուսի կոնվենցիային, որի ընթացքում կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանն ուսանողներին ներկայացրեց Օրհուսի կոնվենցիայի հիմնական ասելիքը, շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ տեղեկությունը հասարակությանը հասանելի դարձնելու գործիքակազմը, կարեւորելով երիտասարդների մասնակցությունը շրջակա միջավայրին առնչվող հարցերի լուծմանը:

Դասախոսության ժամանակ էկոհամակարգային ծառայություններին նվիրված գործնական պարապմունք է անցկացվել, որը հնարավորություն է տվել ուսանողներին ամրապնդել էկոհամակարգային ծառայությունների վերաբերյալ գիտելիքն ու հասկանալ դրանց կարեւորությունը: Էկոհամակարգային ծառայությունները կենսաբազմազանության էական մաս են եւ ապահովում են կենսաբազմազանության գենետիկական եւ տեսակային մակարդակների գոյությունն ու բնականոն զարգացումը:

Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին Օրհուսի կոնվենցիան ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի ջանքերով 1998 թվականին: Նույն տարում էլ Հայաստանը միացել է միջազգային փաստաթղթին:

Սա ՃԿՊԱ եւ Օրհուս կենտրոնի համատեղ առաջին դասախոսությունը չէ: Անցած տարի մայիսին ՃԿՊԱ-ում կազմակերպվեց դասախոսություն Օրհուս կենտրոնի մասնագետի մասնակցությամբ, իսկ հոկտեմբերին ՃԿՊԱ ուսանողները եղան Օրհուս կենտրոնում: