ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում մեկնարկել է «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group` INSARAG) չափորոշիչներին համապատասխան դասընթացը:

INSARAG-ի արտաքին որակավորում ունեցող հայկական քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ թիմի հրամանատար, ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի դեկանի տեղակալ, փ/ծ գնդապետ Սամվել Շահմուրադյանի խոսքով, դասընթացն անցկացնում են գերմանացի եւ շվեյցարիացի մասնագետներ՝ Պեթեր Վոլֆը, Ալեսիո Մարազան, Դեյվիթ Սոչորը, Մաթիաս Ֆիսթերը:

Դասընթացի թեման՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության եւ տվյալների միասնական բազա KoBo համակարգը:

Վերապատրաստվում են ՔՈՓ թիմի հիմնական եւ պահեստային անձնակազմերի ղեկավարները՝ 19 հոգի:

Վաղը եւ հաջորդ օրը անցկացվելու են դասընթացներ որոնողափրկարարական աշխատանքների ղեկավարման շտաբի, գործողությունների համակարգման կենտրոնի գործառույթների թեմաներով:

ՏԵՂԵԿԱՆՔ

1985 թվականին Մեքսիկայում երկրաշարժը 10 000 մարդու կյանք խլեց, 1988-ին Հայաստանում երկրաշարժը 25 000 մարդու կյանք խլեց: Երկու դեպքում էլ տուժած երկրներին օգնության ձեռք մեկնեցին շատ երկրներ ու միջազգային կազմակերպություններ: Մարդասիրական այս քայլերը ցույց տվեցին, որ, ցավոք, գոյություն չունեն մեծածավալ աղետների դեպքում միջազգային մարդասիրական օգնության տրամադրման եւ համակարգման ընթացակարգեր եւ խնդիր դրվեց ունենալ ինքնաբավ, սեփական միջոցներով 8-10 օր աշխատող փրկարարական թիմեր, որոնք կգործեն նույն ոճով, ինչը կբարձրացնի փրկարարական աշխատանքների արդյունավետությունը, կհեշտացնի տարբեր երկրներից ժամանած փրկարար ուժերի համագործակցությունը: 1991-ին ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի գրասենյակի ներքո ձեւավորվեց «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խումբ»` The International Search and Rescue Advisory Group (INSARAG): Կարգախոսը՝ «Պատրաստվածություն եւ արձագանքում»: Այսօր աշխարհի ավելի քան 30 երկրի ավելի քան 40 թիմ արդեն ստացել է INSARAG-ի արտաքին որակավորում: INSARAG-ի չափանիշներին համապատասխան քաղաքային որոնողափրկարարական` ՔՈՓ, թիմ ունենալու Հայաստանի քայլերը սկսվել են 2004 թվականին: 2015 թվականին մեր թիմը հաջողությամբ անցնելով որակավորման վարժանք-քննությունը ստացել է INSARAG-ի արտաքին որակավորում: Թիմերը հինգ տարին մեկ վերաորակավորվում են: Հայկական ՔՈԹ թիմի վերաորակավորումը նախատեսված է 2020 թվականին:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ