ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի ընդհանուր ֆիզիկական պատրաստության ցիկլի պետ, փ/ծ մայոր Հայկ Ղազարյանի եւ փրկարարական ֆակուլտետի դասախոս, փ/ծ մայոր Հարություն Ղազարյանի նախաձեռնությամբ, ապրիլի չորսին ՃԿՊԱ-ում անցկացվեց «Փրկարարների ֆիզիկական պատրաստության առանձնահատկությունները» թեմայով սեմինար-քննարկում, որի նպատակն էր ներկայացնել փրկարարների մասնագիտական գործունեության առանձնահատկություններն ու նրանց ֆիզիկական պատրաստության դերը, նշանակությունը, կարեւորությունը, փրկարարների ֆիզիկական պատրաստության կազմակերպման հիմնահարցերը, ֆիզիկական պատրաստության հիմնական ձեւերն ու դրանց առանձնահատկությունները:

Քննարկումը անցկացվեց ոչ սովորական ձեւաչափով: Մասնակիցները հնարավորություն ունեն հավաքի ավարտից հետո իրենց կարծիքներն, առաջարկներն ու մեկնաբանությունները էլեկտրոնային փոստով ուղարկել սեմինար-քննարկման կազմակերպիչներին: Առ-ցանց շփման այս ձեւը բարձրացնում է քննարկման արդյունավետությունը:

Կազմակերպիչների կարծիքով, փրկարարների մասնագիտական պատրաստության ուսումնական գործընթացը սերտորեն կապված է փրկարարական ժամանակակից տեխնիկական եւ այլ միջոցների, նոր տեխնոլոգիաների, նոր աշխատանքային մեթոդների ներդրման անհրաժեշտության հետ: Այս ոլորտի ուսումնասիրությունները փաստում են, որ փրկարարների մասնագիտական պատրաստության կազմակերպման գործընթացում հիմնականում ներդրվում են ուսուցման նոր մեթոդներ եւ սկզբունքներ, սակայն ֆիզիկական պատրաստության գործընթացում դեռեւս ներդրված չեն այն մեթոդներն ու եղանակները, ինչը հնարավորություն կտա հասնել ցանկալի արդյունքի: Նշված սեմինար-քննարկումները կնպաստեն փրկարարների ֆիզիկական պատրաստության կազմակերպման հիմնահարցերի լուծման ուղիների բացահայտմանն ու դրանց ներդրմանը ուսուցման գործընթացում:

 

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ