ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան եւ «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամը համագործակցության նոր պայմանագիր են կնքել: Կողմերը պարտավորվել են հետազոտել աղետների ռիսկի կառավարման եւ արտակարգ իրավիճակներում ազդարարման ու արձագանքման գործընթացներում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կիրառման հնարավորությունները: Մասնավորաբար՝ իրականացնել գիտահետազոտական աշխատանքներ վտանգների (սողանք, սելավ, ծնահյուսք եւ այլն), ռիսկերի եւ խոցելիության գնահատման, կանխարգելման, դիմակայման, արտակարգ իրավիճակներում արձագանքման (ազդարարման, ոչ մատչելի վայրերում գիշերային լուսավորման) գործընթացներում ԱԹՍ-ների կիրառման հնարավորությունների ոլորտում:

Ըստ պայմանագրի, ակադեմիան կտրամադրի գիտահետազոտական աշխատանքների ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ տեղեկություններ, կմասնակցի գիտահետազոտական աշխատանքների ծրագրերի մշակմանը եւ բուն հետազոտություններին: ԱՌՆԱՊ հիմնադրամն էլ կտրամադրի ԱԹՍ-ներ՝ ապահովված համապատասխան համակարգչային ծրագրերով, հարակից սարքավորումներով եւ պարագաներով: Համատեղ ուժերով կկազմակերպվեն գիտագործնական սեմինարներ, ստեղծագործական բանավեճեր, որոնց կմասնակցեն ոչ միայն ոլորտի փորձագետները, այլ նաեւ՝ ՃԿՊԱ ուսանողները:

Պայմանագիրը կնքվել է երեք տարով եւ կարող է երկարացվել եւս երեք տարով:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան եւ «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամը արդյունավետ համագործակցության հարուստ փորձ ունեն: Օրինակ. ԱՌՆԱՊ հիմնադրամի Գերմանական կարմիր խաչի նախաձեռնությամբ ակադեմիայում անցկացվել են «911» ծառայության կարգավար-օպերատորների եվրոպական չափանիշներին համապատասխան վերապատրաստման-որակի բարձրացման դասընթացներ:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ