ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան հրատարակել է ՃԿՊԱ դասախոսներ Արայիկ Գասպարյանի եւ Գրիգոր Հակոբջանյանի «Խոցման ժամանակակից միջոցներ» մեթողական մշակումների երկրորդ մասը: Առաջին մասը լույս էր տեսել 2017 թվականին:

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը ճարտարագետներին հնարավորություն է տվել նախագծել նոր զինատեսակներ, որոնց դեմ պայքարը գնալով դժվարանում է: Ռազմարվեստի պատմությունից տեղյակ վերլուծաբանները ժամանակակից պատերազմներ վարելու հայեցակարգերի մասին խոսելիս, նորագույն եւ բարձր ճշտության, նոր ֆիզիկական սկզբունքներով զենքերին տալիս են որոշիչ դեր: Իսկ եթե նկատի ունենանք ահաբեկչական խմբավորումների աճող քանակը, միջոցների միջեւ ընտրություն չկատարելու, խաղաղ բնակչությանը թիրախ դարձնելու նրանց գործելաոճը, պարզ կդառնա, որ խոցման ժամանակակից միջոցների մասին տեղյակ լինելը օրվա պահանջ է:

«Խոցման ժամանակակից միջոցներ» գրքի երկրորդ մասի չորս գլխում ներկայացված է զինատեսակների ողջ սպետկրը՝ ավիացիոն, ջրոլորտային, մթնոլորտային, քարոլորտային ռումբերից մինչեւ անօդաչու թռչող սարքեր, գենետիկական զենք եւ տեղեկատվական պատերազմների միջոցներ:

Գիրքը նախատեսված է ՃԿՊԱ դասախոսների, ուսանողների, ակադեմիայում վերապատրաստվողների համար:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ