Հայաստանի հանրապետության կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի մարտի 13-ի հրամանով, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային թույլատրվել է «Երկրաբնապահպանություն» մասնագիտության ատենախոսությունների թեմաներ հաստատել: Այլ խոսքով՝ ասպիրանտական կրթություն կազմակերպել:

Մինչ օրս ակադեմիան կրթություն էր կազմակերպում երեք հարթությունում. միջին մասնագիտական կրթական ծրագիր (երեք մասնագիտություն), բակալավրի կրթական ծրագիր (ութ մասնագիտություն), մագիստրոսի կրթական ծրագիր (երեք մասնագիտություն): Ասպիրանտական (հետբուհական) կրթության կազմակերպման իրավունք ստանալը նշանակում է ամբողջանում է ակադեմիայի կրթական շղթան՝ միջին մասնագիտականից մինչեւ հետբուհական՝ հետազոտողի կրթություն:

ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի քաղաքացիական պաշտպանության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչիկ Բրուտյանի խոսքով, այսուհետ ամբիոնն իրավունք է ունենում ունենալ եւ հայցորդ եւ դոկտորանտ: Սա հնարավորություն է տալիս ակադեմիայի երիտասարդ դասախոսներին «Երկրաբնապահպանություն» մասնագիտության քննություն հանձնել, թեկնածուական կամ դոկտորական ատենախոսության նախապաշտպանությունն անցնել ՃԿՊԱ-ում, իսկ վերջնական պաշտպանությունը՝ Երեւանի պետական համալսարանում գործող խորհրդում:

Ատենախոսությունն հաջողությամբ պաշտպանած մասնագետին կշնորհվի երեք գիտության գծով թեկնածուի գիտական աստիճան՝ տեխնիկական, աշխարհագրական, կեսնսաբանական:

Կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեն կոնկրետ մասնագիտության ատենախոսությունների թեմաներ հաստատելու իրավունք է տալիս այն բուհերին, որտեղ տվյալ մասնագիտության գծով առնվազն մեկ դոկտոր եւ երկու թեկնածու մշտական աշխատող է: ՃԿՊԱ ղեկավարությունը մտադիր է այս պայմաններն ապահովել ու ստանալ «Հոգեբանություն», «Կառավարում», «Մանկավարժություն» մասնագիտությունների ատենախոսությունների թեմաներ հաստատելու՝ հետազոտողի կրթություն կազմակերպելու իրավունք: