Մարտի 15-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում համագործակցության համաձայնագիր ստորագրեցին ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան (ռեկտոր, փ/ծ գներալ-մայոր Համլետ Մաթեւոսյան) եւ Ֆրանսիայի մարդկանց, գույքի եւ շրջակա միջավայրի անվտանգության խթանման ասոցիացիան (ղեկավար Բերնար Ժանեն):

Ակադեմիայի եւ ֆրանսիական ասոցիացիայի համագործակցությունը արդեն 25 տարվա պատմություն ունի: Այս ընթացքում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ տեխնիկական աջակցության: Բերնար Ժանենի կապը Հայաստանի հետ սկսվում է 1988 թվականից, երբ նա ֆրանսիացի փրկարարների կազմում օգնում էր երկրաշարժից տուժած Գյումրիին: Բերնար Ժանենը փլատակներից ազատել է մի ընտանիքի, հետո բարեկամացել այդ ընտանիքի հետ, մշտական կապի մեջ եղել, օգնել երեխաների կրթության հարցում:

Համաձայնագրի կնքմանը ներկա էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նրա խոսքով, այս ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունն օգտակար է բոլոր առումներով: Ցանկացած աղետի դեպքում փրկարարին ժամանակ է պետք դեպքի վայր հասնելու համար ու քաղաքացին պիտի կարողանա ինքն իրեն եւ դիմացինին օգնել, մինչ կժամանեն փրկարարները, պիտի տեղյակ լինի, որ նվազեցնի հնարավոր վնասները, անտեղյակությամբ ինքն իրեն չվնասի:

Կիսելով այս միտքը, Բերնար Ժանենն ասաց, որ պետք է քաղաքացուն պատրաստել, Ֆրանսիայում առաջին օգնության հարցերի կենտրոնում հենց քաղաքացին է: «Երկար տարիներ աշխատել եմ այս նախարարությունում: Պատրաստ ենք աշխատել նոր թիմի հետ: Իմ ողջ ներուժը կներդնեմ, որ օգնեմ», — հայտարարեց Բերնար Ժանենը:

ՃՊԿԱ ռեկտոր, փ/ծ գներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանն էլ հիշելով համագործակցության անցած հաջող փորձը, նկատեց, որ այս մեկն էլ հաջողություն կունենա, վերապատրաստված մասնագետը ունակ կլինի գիտելիք փոխանցել քաղաքացիներին:

ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի եւ Ֆրանսիայի մարդկանց, գույքի եւ շրջակա միջավայրի անվտանգության խթանման ասոցիացիայի համագործակցության համաձայնագրի նպատակն է. ակադեմիայի եւ ասոցիացիայի գործունեությունների զարգացում, մասնագիտացված ուսուցման վերաբերյալ տեղեկատվության փոխանակում, ասոցիացիայի տրամադրած պարագաներին ծանոթանալու նպատակով համատեղ ուսուցում, ներգրավվում եվրոպական ծրագրերում եւ այլն:

Համաձայնագիրը կնքվել է երեք տարով եւ կարող է վերակնքվել:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները Վահրամ ԱՎՈՅԱՆԻ