Մարտի 4-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվեց քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան նվիրված մաս-ռեստլինգ մարզաձեւի միջբուհական ուսանողական առաջնություն։ Մասնակցեցին մոտ 80 ուսանող Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից, Երեւանի պետական, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմավիացիոն համալսարաններից, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտից, Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջից, Չարենցավանի եւ Արթիկի պետական քոլեջներից, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական եւ Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջներից։

Մրցաշարը մեկնարկեց ՃԿՊԱ ուսանող, «Դյուցազնագրի» բազմակի ռեկորդակիր Յուրի Սաքունցի հերթական ռեկորդով․ նա ատամներով 20 մետր տեղաշարժեց 26 տոննա կշռող հրշեջ-փրկարարական մեքենան։ Ի պատասխան հարցին, թե որն է իր գերմարդկային կարողության գաղտնիքը, Յուրին համեստորեն նկատեց՝ մտքի ուժը՝ ճիշտ կենտրոնանալու շնորհիվ հնարավոր է հաղթահարել ցանկացած ծանրություն։

Բազմափորձ մարզիկն այս ռեկորդին պատրաստվել է մոտ մեկ տարի։ Խոստովանում է՝ հաղթանակը փոքր-ինչ դժվարությամբ տրվեց, քանի որ նախկինում տարբեր ծանրության առարկաներ տեղաշարժել էր միայն ձեռքերի վրա կանգնած տարբերակով։ Բարեբախտաբար այս անգամ էլ ամեն ինչ հաջողվեց։

ՃԿՊԱ-ից առաջնությանը մասնակցում էր 20 ուսանող։ «Փրկարարական գործ» մասնագիտությամբ երկրորդ կուրսի ուսանողուհիներ Ալվարդ Մեսրոպյանն ու Ռոզա Սարիկյանը նախկինում որեւէ ուժային սպորտաձեւով չեն զբաղվել, սակայն որոշել են ռիսկի դիմել, փորձել իրենց ներուժը։ Չէ՞ որ ցանկացած ձեռքբերում, նույնիսկ ամենաչնչինը, մարդուն ինքնավստահ է դարձնում։

ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող Գեղամ Ալեքսանյանն առաջինը մրցահարթակ բարձրացավ եւ հաղթեց երկու մոտեցումներում։ Գեղամը սիրողական մարմնամարզությամբ է զբաղվում, մրցույթին մասնակցելու որոշում կայացրել էր ակադեմիայում սովորող իր ընկերների հորդորով։ 22-ամյա Կամո Եղոյանը Երեւանի պետական հենակետային քոլեջում սովորելու տարիներին կիոկուշին կարատեով է զբաղվել, ապա 2016 թվականից՝ ուժային եռամարտով։ Փաուերլիֆտինգի աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների հաղթող է, Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային սպորտի վարպետ։ Առաջիկայում Երեւանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ պատրաստվում է «Դյուցազնագրքի» ռեկորդ սահմանել։ «Սպորտով զբաղվող մարդը ճիշտ դաստիարակություն է ստանում, առողջ ապրում, ազատվում վատ սովորություններից։ Ուրախ եմ, որ տարեցտարի ավելի շատ մարզիկներ են մաս-ռեստլինգ սպորտաձեւում ընդգրկվում։ Սովորաբար ոչ օլիմպիական սպորտաձեւերը Հայաստանում վատ վիճակում են, երիտասարդները մոտիվացիա չեն տեսնում։ Այսօրվա մեր Եվրոպայի չեմպիոններին եւ սպորտի վարպետներին հասարակությունը չի ճանաչում»,- նշեց Կամոն՝ հույս հայտնելով, որ տաղանդավոր մարզիկների համար մի օր ավելի լայն հեռանկարներ կբացվեն։

Մրցաշարի հաղթողներն արժանացան գավաթների եւ մեդալների, մյուսներին տրվեցին պատվոգրեր։ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողները 11 մրցանակային տեղ զբաղեցրին։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ