Մարտի 4-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում իրենց մագիստրոսական դիպլոմները ստացան Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Ճգնաժամային կառավարում» եւ «Անվտանգություն արտակարգ իրավիճակներում» մասնագիտությունների 18 շրջանավարտ:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, շնորհավորելով մագիստրոսներին, նշեց. «Մարդ իր կյանքում մի քանի բան է հիշում` ծնունդ, դպրոցական եւ ուսանողական կյանք, առաջին աշխատանք: Սա ձեր կյանքի լավագույն կետերից մեկն էր»: Նախարարի խոսքով` փրկարարությունն ամենապատասխանատու մասնագիտություններից է, եւ թերեւս, հասարակության կողմից ոչ լիովին գնահատված: Եթե նախկինում երեխաները երազում էին օդաչու կամ տիեզերագնաց դառնալ, այսօր նախընտրելի մասնագիտությունները փոխվել են` ըստ ժամանակի պահանջների: Նախարարության նպատակներից է ստեղծել փրկարարների ֆրակցիա եւ սերունդներ տալ: Ելույթի ավարտին Ֆելիքս Ցոլակյանը կոչ արեց քաղաքացիներին հարգել եւ չխոչընդոտել փրկարարների աշխատանքը: 18 շրջանավարտից 14-ը արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ են: Նախարարը հանձնարարեց կադրերի բաժնին շուտափույթ դիտարկել մնացած 4-ի աշխատանքի տեղավորման հարցը: ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ մայոր Համլետ Մաթեւոսյանը հպարտությամբ հաղորդեց, որ անվտանգության ծառայության առաջին մասնագետներն ավարտեցին ակադեմիան. «Պիտի շարունակեք աշխատել ձեզ վրա, գիտական ոլորտը զարգացնել: Սիրով կսպասենք, որ ձեզնից ոմանք ընտրեն գիտության ճանապարհը»:

ՃԿՊԱ շրջանավարտ Լիլիթ Սահակյանն աշխատում է հարազատ բուհում: Այստեղ ոչ միայն մասնագիտական, այլեւ կյանքի հմտություններ է ստացել: Փրկարարի աշխատանքում Լիլիթին գրավել է հատկապես էքստրիմը: Տարիների հետ իր մեջ «բարության տոկոսը» կրկնապատկվել է:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները` Վահրամ ԱՎՈՅԱՆԻ