Մարտի 4-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում կանցկացվի քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան նվիրված «Մաս- ռեստլինգ» մարզաձեւի միջբուհական ուսանողական առաջնություն։ Գաղափարը կյանքի է կոչվել ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի եւ Հայաստանի մաս-ռեստլինգի ֆեդերացիայի նախաձեռնությամբ։  Նախատեսվում է մոտ 100 ուսանողի մասնակցություն, ֆեդերացիան կապահովի գույքն ու մրցավարներին։ Մրցաշարին ներկա կլինեն նաեւ տարբեր սպորտաձեւերի ֆեդերացիաների ներկայացուցիչներ։

Նույն օրը ՃԿՊԱ ուսանող, «մաս-ռեստլինգ» սպորտաձեւի աշխարհի եռակի եւ հայկական «Դյուցազնագրքի» բազմակի ռեկորդակիր Յուրի Սաքունցը կփորձի սահմանել աշխարհի նոր ռեկորդ՝ ատամներով կամ ճկույթ մատով քաշելով հրշեջ-փրկարարական տեխնիկա։

«Սպորտը շփման լավագույն տարբերակն է։ Միջոցառման շնորհիվ մյուս բուհերը կծանոթանան ԱԻ նախարարությանն ու ակադեմիային, իսկ մենք  մեր հերթին կքաջալերենք այն երիտասարդներին, որոնք առաջին քայլերն են անում մաս-ռեստլինգ սպորտաձեւում։ Հայտագրումն արդեն ավարտին է մոտենում, մասնակցության ցանկություն են հայտնել բազմաթիվ աղջիկներ»,- ասաց նախաձեռնության ակտիվ մասնակից Յուրին։

Մաս-ռեստլինգն ուժային սպորտաձեւ է, որի ժամանակ դեմ դիմաց նստած երկու մարզիկները պայքարում են փայտը դեպի իրենց ձգելու համար։

Մանրամասները՝ առաջիկայում:

Անի ԱՆՏՈՅՅԱՆ