ՀՀ կառավարության 2015 թվականի 22 Հունվարի 46-Ն որոշմամբ հաստատված «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման եւ տվյալ ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման կարգի» համաձայն, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի որակավորման բարձրացման ֆակուլտետը կազմակերպում է մեկօրյա սեմինարներ եւ 2-5-օրյա դասընթացներ:

Այս տարվա պլանի համաձայն կկազմակերպվի 83 դասընթաց, որոնց կմասնակցի ավելի քան 2000 մարդ:

Հունվարին անցկացվել է վեց դասընթաց, որից մեկը՝ արտագնա՝ Երեւանի մետրոպոլիտենի ղեկավարների համար, «Հայաստանում հնարավոր արտակարգ իրավիճակները» թեմայով: Մնացած հինգ դասընթացն անցկացվել է ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում՝ նախադպրոցական կրթօջախների մեթոդիստների, հանրակրթական դպրոցների դասվարների, դասղեկների, պետական գերատեսչությունների քաղաքացիական պաշտպանության մասնագետների համար: Դասընթացներին մասնակցել է 140 մարդ:

ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի մասնագետները ներկայացրել են հետեւյալ զեկույցները՝«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման հարցերը», «Երեխաների անվտանգության մշակույթի ձեւավորման մեթոդական հարցերը», «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեցման հարցերը» եւ այլն: