Փետրվարի 5-ին տեղի ունեցավ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվեցին 2018 թվականին իրականացված ծրագրերն ու 2019-ի անելիքները: Զեկուցողը ակադեմիայի ռեկտոր, փրկարար ծառայության գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանն էր: Ներկա էին արտակարգ իրավիճակների փոխնախարարներ, ՃԿՊԱ խորհրդի նախագահ Արա Նազարյանն ու Արմեն Հարությունյանը: «Փրկարարը աստվածային մասնագիտություն է, փրկարարը կյանքեր է փրկում», — վերջում բանաձեւեց Արա Նազարյանը:

Այսօր ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում սովորում է 1064 ուսանող. 835՝ բակալավրի, 46՝ մագիստրոսի, 183՝ միջին մասնագիտական կրթական ծրագրերով:

Բացի արտակարգ իրավիճակների, ճգնաժամային կառավարման, քաղաքացիական պաշտպանության ոլորտների համար մասնագետներ պատրաստելուց, ակադեմիան իրականացնում է նաեւ փրկարարների եւ այլ մասնագիտության անձանց վերապատրաստում, բնակչության ուսուցում: 2018 թվականին ակադեմիայում վերապատրաստվել է 471 փրկարար եւ 2003 քաղաքացիական անձ, լրատվամիջոցներով, այդ թվում՝ 911tert.am կայքով տարածվել են ուսուցողական նյութեր, տեսանյութեր: Հրատարակվել է «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» գիտական եւ գիտամեթոդական հոդվածների ժողովածուն, որտեղ տպագրված 30 հոդվածից 24-ը գրել են ակադեմիայի մասնագետները: Եվս 30 հոդված ակադեմիայի մասնագետները ներկայացրել են միջազգային գիտաժողովներում:

Եկող տարվա համար ակադեմիան մտադիր է շարունակել այս ծրագրերը, որոշները՝ ավելի մեծ ծավալով: Օրինակ, 2019 թվականին կթողարկվի «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» ժողովածուի ոչ թե մեկ, այլ՝ երկու համար: 2017 թվականի աշնանը մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հավատարմագրման հանձնաժողովը որոշեց ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային տալ ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ 2 տարի ժամկետով։ 2019-ին ակադեմիան հավատարմագրման նոր հայտ է ներկայացնելու եւ դրա համար կթարմացնի գույքը, փրկարարական ֆակուլտետի հատուկ գույքը կլհամալրվի: Ակադեմիան Գերմանիայում հավատարմագրելու նպատակով ակտիվ շփումներ կան Գերմանիայի գործընկերների հետ: Ակադեմիայի միջազզգային կապերն են ընդլայնվում. ուսանողների, մասնագետների փոխանակման եւ համատեղ այլ ծրագրեր իրականացնելու նախնական պայմանավորվածություններ կան Սերբիայի, Իտալիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի հետ: Ֆրանսիայի եւ այլ երկրների հետ արդյունավետ համագործակցության փորձ ակադեմիան ունի:

Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի խորհրուրդը որոշեց առաջարկել արտակարգ իրավիճակների նախարարին խորհրդի նոր նախագահ նշանակել փոխնախարար Արմեն Հարությունյանին: ՃԿՊԱ աշխատանքների համակարգումը վստահված է Արմեն Հարությունյանին ու նրա նշանակումը բուհի խորհրդի նախագահ տրամաբանական է:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ