Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրերի Հայաստանի գրասենյակն առաջարկում է ՀՀ  արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ներդնել առցանց կրթության նոր ձեւաչափ՝ KAICIID միջկառավարական կազմակերպության հետ համատեղ:

Այս կազմակերպությունը մասնագիտացած է միջկրոնական, միջտարածաշրջանային, միջմշակութային երկխոսություններ վարելու գիտելիքներ եւ հմտություններ ձեւավորելու համար առցանց հարցաշարեր, կրթական ծրագրեր առաջարկելու հարցում: Նպատակը կանխել հակամարտությունները, նպաստել աղետների ռիսկի նվազեցմանը: Այսօր կազմակերպությունը համագործակցում է աշխարհի ավելի քան 500 հաստատության, այդ թվում համալսարանների, հետ: KAICIID-ի առցանց կրթական ծրագրերը հաջողությամբ յուրացրած մասնագետը ստանում է վկայական, որը ճանաչում են ծրագրի մշակմանը մասնակցած բոլոր երկրները: Օրինակ կա ծրագիր, որն ուսանելուց հետո ստացած վկայականը ճանաչում են Կանադան, Իսպանիան, Լիբանանը: Մշակված են ծրագրեր ինչպես ուսանողների համար՝ 3-3,5 ամիս տեւողությամբ, այնպես էլ վերապատրաստվող մասնագետի համար՝ 1-2 շաբաթ տեւողությամբ:

Այսօր ակադեմիայում քննարկվում էին հնարավոր համագործակցության ուղղությունները: Դրանք երեքն են. KAICIID-ի կրթական առցանց ծրագրերի ներառում ՃԿՊԱ բակալավրի կրթական ծրագրերում, վերապատրաստման ծրագրերում, դիմակայունության մշակույթի ներառումը միջմշակութային երկխոսության մեջ:

ՀՀ  արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան տարածաշրջանում եզակի հաստատություն է եւ KAICIID-ի կրթական առցանց ծրագրերի հաջող ներդրման դեպքում կարող է դառնալ այդ ծրագրերի իրականացման տարածաշրջանային կենտրոն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ