Հունվարի 31-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ամփոփվեց 2018 թվականին կատարված աշխատանքը:

Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով սահմանվել էր 2018 թվականին ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետում վերապատրաստել 259 փրկարարի, հրշեջ-փրկարարի: Սակայն կազմակերպվել են նաեւ արտապլանային դասընթացներ եւ առարկայական ստուգարքներ, ինչի արդյունքում 2018 թվականին վերապատրաստվել է 471 փրկարար, եռամսյա ուսումնական փորձաշրջան անցել 320 փրկարար:

Դասընթացների թեմաներն են. «Տեխնիկական որոնում», «Համակողմանի ապահովում», «Շինարարական կառուցվածքների կայունացման համակարգեր՝ ամրակապում», «Բարձրությունների վրա փրկարարական աշխատանքների կազմակերպում՝ պարանային աշխատանքներ» եւ այլն:

2015 թվականին Հայաստանի փրկարարների 50 հոգանոց թիմը հաջողությամբ անցավ «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) արտաքին որակավորումը: Բացի այս թիմից, ունենք INSARAG-ի չափանիշներին համապատասխանող եւս չորս թիմ (Սյունիք, Շիրակ, Տավուշ, Լոռի), որոնք առայժմ ազգային որակավորում ունեն: 2018 թվականին ՃՊԿԱ-ում կազմակերպված վերապատրաստման դասընթացների կեսից ավելին INSARAG-ի չափանիշներին համապատասխան է եղել:

ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ Տիգրան Պետրոսյանի խոսքով, ակադեմիայի շրջանավարտ կամ ակադեմիայում վերապատրաստված փրկարարները դեպքի վայրում առանձնանում են մյուսներից: «Փրկարարների համար ակադեմիան հույս ու հավատ է: Ահռելի աշխատանք է արվել, որի արդյունքն ապագայում է երեւալու»,- հայտարարեց Տիգրան Պետրոսյանը:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետում 2018 թվականին վերապատրաստվել է 2003 ունկնդիր, նախատեսված 1855-ի փոխարեն՝ համայնքապետեր, նրանց տեղակալներ, նախակրթական եւ հանրակրթական հաստատությունների, բժշկական կենտրոնների տնօրեններ, փոխտնօրեններ, համայնքապետարանների, Երեւանի վարչական շրջանների աշխատակազմերի քաղաքացիական պաշպանության, տարհանման հանձնաժողովների պատասխանատուներ եւ այլն: Այս 2003-ից 427-ը մարզերից է: Միջազգային համագործակցության շրջանակներում՝ «Save the children international», UNICEF, «ՕքսԵՋեն»  եւ այլն, վերապատրաստվել է 270 ունկնդիր:

Դասընթացներում ներկայացվել են աղետների ռիսկի կառավարմանը, նվազեցմանը, արտակարգ իրավիճակներին վերաբերող բազմաթիվ թեմաներ. արտակարգ իրավիճակներում  բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պատրաստվածության բարձրացում, անվտանգության մշակույթի ձեւավորում, կապի եւ ազդարարման համակարգերի ձեւավորում, գործունեության կայունության ապահովում ռազմական դրության եւ արտակարգ իրավիճակների դեպքում, տեղական մակարդակում ռիսկերի կառտավարում, երեխաների անվտանգության մշակույթի ձեւավորում, բնակչության տարհանում եւ այլն:

Ակադեմիայի մասնագետները նաեւ կրթա-գիտական աշխատանքներ են իրականացրել. հրատարակվել են գրքեր, մշակվել կամ վերամշակվել հոդվածներ, դասախոսություններ, ուսումնական եւ ուսումնամեթոդական նյութեր, կամավոր հրշեջ-փրկարարական ջոկատների անձնակազմերի պատրաստության ծրագրեր եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ. 2019 թվականի համար հաստատված պլանի համաձայն, ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետում կվերապատրաստվի 319 փրկարար, իսկ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետում՝ 2000 ունկնդիր: