Դեկտեմբերի 5-7-ը Վանաձոր քաղաքում կայացել  է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջազգային ֆիլատելիստական ցուցահանդես, որում ներկայացվել են 22 հավաքորդի աշխատանքներ, 3-ը՝ երկրաշարժի թեմայով։ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս Սեդրակ Ներսիսյանը ցուցադրել է միջնադարյան հայ նկարիչների մասին պատմող իր նամականիշներն ու բացիկները։

Ցուցահանդեսին մասնակցության համար նա ուշամեդալ է պարգեւ ստացել:

Մեկ այլ մասնակից՝ «Երկրաշարժը եւ երեխաները» խորագրով շարքի հեղինակ Սուրեն Հայրապետյանը 1988 թվականին աղետի գոտում ռադիոկոմիտեի հատուկ թղթակիցն է եղել։ Հենց երեխաներն են եղել նրա բազմաթիվ հաղորդումների առանցքային հերոսը։ «Մոտ 20 տարի պիոներ պալատներում եւ դպրոցներում մանկապատանեկան ֆիլատելիստական խմբակներ եմ ղեկավարել։ Երկրաշարժից հետո մանկական հիվանդանոցներում վերականգնողական աշխատանք էի տանում, սպիտակցի երեխաներին ուղեկցում Ռուսաստանի ճամբարներ՝ հանգստանալու։ 1990 թվականին, որպես Ձմեռ պապ, իտալացիների նվիրած խաղալիքներն էի բաժանում Շիրակամուտի երեխաներին»,- ժպիտով վերհիշում է Սուրեն Հայրապետյանը։

Տարբեր կազմակերպությունների օգնությամբ սկսեց երկրաշարժի թեմայով նամականիշներ ու բացիկներ հավաքել։ Աշխարհի տարբեր անկյուններից երեխա որդեգրելու եւ նյութական աջակցություն ցուցաբերելու բովանդակությամբ բացիկները լավագույնս պատմում են այդ օրերին տիրող գթասրտության եւ մարդասիրության մասին։ Սպիտակի երկրաշարժից հետո Խորհրդային Միության ղեկավարությունը Սուրբ Հռիփսիմե վանքի, հայկական խաչքարի եւ «Տիգրան Մեծ» մետաղադրամի պատկերներով երեք նամականիշից եւ կցորդիչից բաղկացած շարք թողարկեց, որի վաճառքի ամբողջ հասույթը տրամադրվում էր աղետյալներին։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ