Հայկական, լատինոամերիկյան, տարբեր ազգային պարեր․ լավ պարողը պետք է ամեն ժանրում իրեն դրսեւորի՝ վստահ է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրի «Կառավարում արտակարգ իրավիճակներում» մասնագիտության առաջին կուրսի ուսանող Ինեսա Դիլիկյանը։

10 տարի պրոֆեսիոնալ պարով է զբաղվում, Հայաստանում անցկացված պարային տարբեր առաջնությունների մրցանակակիր է, բազմաթիվ պատվոգրեր ունի։

Դեկտեմբերի սկզբին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կազմակերպված սոլո միջազգային պարային մրցույթից 15-ամյա Ինեսան հաղթանակով է վերադարձել։ Անկեղծանում է՝ մրցակիցների ելույթների ժամանակ ժյուրիի խիստ արձագանքից փոքր-ինչ լարվել էր, սակայն իր ուժերին ու խառնվածքին հավատարիմ մնալով՝ դուրս եկել բեմահարթակ եւ իմպրովիզ արել։ «Պարը զուտ բեմադրություն չէ, այն կյանք է, հոգու ապրումներ։ Ամեն պար ունի իր թելադրանքը, պետք է շարժվել այնպես, ինչպես երաժշտությունն է քեզ կառավարում։ Հաճախ ելույթներս դիտելիս ինքս ինձ չեմ ճանաչում»,- նշում է պարմանուհին։

Պարային կարիերան մեծ ջանքեր եւ նվիրում է պահանջում։ Կան վարժություններ, որոնք դժվարությամբ են տրվում։ Խոչընդոտ է նաեւ ազգային մտածելակերպը։ Այսօր Ինեսան ժպիտով է վերհիշում բոլոր նախատինքներն ու խորհուրդները, իբրեւ պարը մասնագիտություն չէ, դրանով ապրուստ չես վաստակի։ Եթե այդքան համառ չլիներ, միգուցե նման հաջողությունների չհասներ։

Բակի բոլոր երեխաների առաջին պարուսույցն է եղել, մի շարք հեղինակային պարեր բեմադրել։ Երազում է պարարվեստի գծով բարձրագույն կրթություն ստանալ եւ սեփական ստուդիան բացել։

Բոլոր նրանց, ովքեր պարային առաջին լուրջ քայլերը հեռուստատեսային մրցույթներից են սկսել եւ անհաջողության մատնվել, Ինեսան խորհուրդ է տալիս չընկճվել․ նման մրցույթներում միշտ սուբյեկտիվ գործոն կա։ Փոխարենը պետք է շատ աշխատել, ոչ ոքի չնմանակել, ընդունել, որ ամեն մեկը յուրահատուկ է, եւ ստեղծել սեփական ոճը։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ