ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով հաստատվել է ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների 2019 թվականի վերապատրաստման դասընթացների անցկացման ժամանակացույցը: Ըստ դրա, կկազմակերպվի 24-80 ժամ տեւողությամբ 16 դասընթաց, որոնց կմասնակցի 319 փրկարար՝ հրշեջ-փրկարարական ջոկատների հերթափոխի պետեր, խմբի պետեր եւ խմբի հրամանատարներ եւ այլն: Դասընթացներից յոթը «Որոնողափրկարարական հարցերով միջազզգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group)՝ INSARAG-ի չափանիշներով է:

Վերապատրաստման դասընթացների մի մասը գործնական պարապմունքներն են: Թեմաներն են. «Տեխնիկական որոնում», «Վթարափրկարարական տեխնիկական միջոցների կիրառում», «Շինարարական կառուցվածքների կայունացման համակարգեր՝ ամրակապում», «Բարձրությունների վրա փրկարարական աշխատանքների կազմակերպում՝ պարանային աշխատանքներ» եւ այլն:

Նախատեսվում է տարվա ընթացքում կազմակերպել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների անձնակազմեր ուսուցում, Գերմանական Կարմիր Խաչի Բադեն–Վյուրտեմբերգի երկրամասային դպրոցի հետ համատեղ ճգնաժամային կառավարման ազգայն կենտրոնի «911» ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոնի կրտսեր հրահանգիչների («911» օպերատորների) եւ փորձնակների ուսուցում, վարորդների ուսուցում եւ այլն: