ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան 2018 թվականի դեկտեմբերին հրատարակել է ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դեկան, տեխնիկական գիտությունների թեկնածու Դավիթ Թադեւոսյանի «Կապ եւ ազդարարում» ձեռնարկը: Սա այս թեմայով հայերեն առաջին մասնագիտական գիրքն է:

Աշխարհում տեղի ունեցող ժամանակակից ռազմական գործողությունների բնույթն ու օգտագործվող ազդեցության միջոցները ստիպում են առավել կարեւորել բնակչության եւ տնտեսության պաշտպանության հարցերը: Ուստի քաղաքացիական պաշտպանության խնդիրների լուծմանը միտված, ժամանակի մարտահրավերներին համահունչ, նոր մոտեցումների եւ մեթոդների կիրառումը ժամանակի հրամայական է:

Աշխարհի զարգացած երկրների զգալի մասում քաղաքացիական պաշտպանության զարգացման ռազմավարությունները որոշակի ընդհանրություններ ունեն, որոնք պայմանավորված են աշխարհում ձեւավորված ռազմաքաղաքական գործոններով: Մասնավորապես. շատ երկրներում ՔՊ ոլորտում ծախսերը, պատասխանատվությունը, իրավասությունները բաժանված են պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր կազմակերպությունների միջեւ: Նպատակը՝ ՔՊ համակարգերը դարձնել ավելի շարժունակ եւ ճկուն, մեծացնել արդյունավետությունը: ՔՊ համակարգերը պետք է նույն օպերատիվությամբ գործեն ինչպես պատերազմական պայմաններում, այնպես էլ արտակարգ իրավիճակների (ԱԻ) ժամանակ:

Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա անմիջական սպառնալիքի, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում ու ռազմական դրության պայմաններում պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, բնակչության ազդարարումն ու իրազեկումը ազդարարման համակարգերի միջոցով քաղաքացիական պաշտպանության եւ ազդարարման պետական միասնական համակարգի կարեւորագույն միջոցառումներից մեկն է:

«Կապ եւ ազդարարում» ձեռնարկում ներկայացված են գործող օրենսդրության պահանջները, նորմատիվային իրավական ակտեր, կազմակերպամեթոդական ցուցումներ, որոնք վերաբերում են ՔՊ եւ ԱԻ ոլորտներում ազդարարման կազմակերպմանը: Գիրքը օգտակար կլինի ՔՊ ոլորտում միջոցառումներ իրականացնող պատասխանատու անձանց եւ մասնագետներին՝ պետական կառավարման մարմինների, գերատեսչությունների, կազմակերպությունների, ձեռնարկությունների ղեկավարներ եւ աշխատակիցներ: Ձեռնարկը կարող է օգտագործվել նաեւ  հասարակության բոլոր խմբերի պատրաստման եւ ուսուցման համար: