ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան 2018 թվականի դեկտեմբերին հրատարակել է ՃԿՊԱ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյանի հեղինակած «Ընդհանուր էլեկտրատեխնիկա» ձեռնարկը: Սույն ձեռնարկը հասցեագրված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի սովորողներին եւ փրկարարներին, ակադեմիայում վերապատրաստվող ունկնդիրներին: Գիրքն ունի 5 բաժին՝ 12 գլուխ, յուրաքանչյուր գլուխ ավարտվում է համապատասխան ռեֆերատի թեմաներով, ստուգողական հարցերով եւ ինքնուրույն աշխատանքի թեմաներով: Կան նաեւ թեստեր ու դրանց պատասխանները:

Այսօր դժվար է պատկերացնել որեւէ բնագավառ, որտեղ այս կամ այն ձեւով չօգտագործվի էլեկտրական էներգիան: Էլեկտրական էներգիան ունիվերսալ է, քանի որ համեմատաբար հեշտ է կերպափոխվում մեխանիկական, ջերմային, լուսային եւ այլ տեսակի էներգիաների: Ստեղծվել են բազմազան էլեկտրական, էլեկտրամեքենայական գեներատորներ եւ էլեկտրական շարժիչներ, այլ սարքեր: Ուսումնական ձեռնարկն ընդգրկում է հաստատուն եւ փոփոխական հոսանքների, եռաֆազ փոփոխական հոսանքի շղթաների, էլեկտրամագնիսականության, ինչպես նաեւ հաստատուն հոսանքի, սինքրոն ու ասինքրոն մեքենաների, տրանսֆորմատորների ընդհանուր տեսությունը:

Էլեկտրական էներգիան օգտագործվում է նաեւ արտակարգ իրավիճակներում փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ կատարելիս, ինչպես լուսավորման, այնպես էլ էլեկտրական գործիքները, սարքերն ու սարքավորումներն էլեկտրական էներգիայով ապահովելու նպատակով: Հեղինակն անդրադարձել է նաեւ այս հարցերին՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, տարհանման, պատսպարման, փրկարարական ու անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ լուսավորման սարքերին եւ էլեկտրական սարքավորումներին ու գործիքներին, դրանց կառուցվածքին ու աշխատանքի սկզբունքներին, կիրառման ոլորտներին, դրանցով փրկարարական աշխատանքներ կատարելիս էլեկտրաանվտանգության ապահովման հիմնական հարցերին, էլեկտրահարման դեպքում առաջին օգնությանը, էներգետիկական օբյեկտներում հրդեհաշիջման առաջնային միջոցներին եւ հրդեհների մարման աշխատանքներն էներգետիկական օբյեկտներում:

Փրկարարական, որոնողափրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական եւ այլ աշխատանքներ կատարելիս, փրկարարներից մեկը պատասխանատու է աշխատանքային վայրում էլեկտրաէներգիայի եւ լուսավորության ապահովման համար: Այս ամենը ենթադրում է էլեկտրիֆիկացիայի առավելությունները ստեղծագործաբար կիրառելու, զանազան ավտոմատացված կառավարման համակարգեր ներդնելու եւ գրագետ շահագործելու հմտություններ: «Ընդհանուր էլեկտրատեխնիկա» ձեռնարկը կօգնի ձեւավորել էլեկտրատեխնիկայի բնագավառի հիմնարար գիտելիքներ եւ գործնական կարողություններ ու հմտություններ: