Այսօրվանից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում մեկնարկում է 2018-2019 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանը: Բակալավրի կրթական ծրագրով քննություն կհանձնի 264, միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ 184 ուսանող: Դասերը կսկսվեն փետրվարի սկզբին:

ՃԿՊԱ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյանի խոսքով, հունվարի 12-ից կմեկնարկեն բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերով հեռակա համակարգում սովորողների քննաշրջանն ու երկրորդ կիասմյակի դասընթացները: Բակալավրի կրթական ծրագրով հեռակա համակարգում յոթ մասնագիտության գծով սովորում է 583 ուսանող, մագիստրոսի կրթական ծրագրով, երեք մասնագիտության գծով՝ 64 ուսանող: Այս ուսումնական տարում առաջին անգամ մագիստրոսի կրթական ծրագրով ուսանողներ կան «Հոգեբանություն (աղետների հոգեբանություն)» մասնագիտությունից: