ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ ԱԻՆ ճգնաժամային կառարման պետական ակադեմիա էին այցելել հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական «Լուսէ» կենտրոնի սաները՝ ՃԿՊԱ մշակույթի կենտրոնի «911» թատերախմբի փոքրիկ դերասանները  «Աղետիկ» երաժշտական բեմադրությունը դիտելու: Ներկայացման հիմքում՝ ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանի մանկական բանաստեղծություններն են, նպատակը՝ «Կրթություն խաղի միջոցով» ձեւաչափով անվտանգության մշակույթի ձեւավորման են նպաստելը:

«Լուսէ» կենտրոնը հիմնադրվել է մոտ մեկ տարի առաջ՝ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության եւ «Երեւան իմ սեր» հիմնադրամի համագործակցության արդյունքում: Այսօր ունի 150 սան, որոնք ստանում են անհրաժեշտ բոլոր ծառայությունները՝ ֆիզիոթերապիա, էրգոթերապիա, պարային թերապիա, հոգեբանի, հատուկ մանկավարժի, լոգոպեդի եւ այլ մասնագետների հետ աշխատանք եւ այլն:

Տոնական «Աղետիկը» Ձմեռ Պապի մասնակցությամբ է եւ ուշադրություն է հրավիրում Ամանորյա «վազքին» բնորոշ ռիսկերին եւ հորդորում է զգույշ լինել Ամանորյա տոնածառը զարդարելիս, խմորեղեն թխելիս, տաք կերակուր պատրաստելիս եւ այլն:

Բեմադրության հերոս Աղետիկը երեխաներին վախեցնում է.

Փոթորիկին ու կայծակին ուղարկել եմ,

Որ Ձմեռ Պապին ու Ձյունանուշին մոլորեցնի:

Ձմեռ Պապը, սակայն, փրկարարների օգնությամբ տեղ է հասնում ու երեխաները արձանագրում են.

Մի խառնվեք,

911 զանգահարեք:

Թող չլինեն արհավիրքներ,

Ու թե եղավ, մի հապաղեք,

911 զանգահարեք,

Կգանք, կօգնենք:

Ներկայացումից հետո հավաքվածներին անակնկալ մատուցեց «Լուսէ» կենտրոնի 12-ամյա սան Գոռ Համբարձումյանը՝ «Մայրիկ» երգի հիանալի կատարմամբ: Իսկ ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը երեխաներին ներկայացրեց արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի շնորհավորական խոսք-մաղթանքը. «Բարի մարդ դարձեք, փրկարար դարձեք, օգնության հասեք եթե դրա անհրաժեշտությունը կա, երջանիկ եղեք ձեր ծնողների, դաստիարակների, շրջապատի հետ միասին»:

Հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական «Լուսէ» կենտրոնի սաները ճգնաժամային կառարման պետական ակադեմիայից հեռացան ԱԻՆ-ից ստացած նվերներով:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

«Աղետիկը» եղել է.

Երեխայի զարգացման կենտրոնում

Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում

«Զատիկ» երեխաների աջակցության  կենտրոնում  եւ Կոտայքի ՍՕՍ մանկական գյուղում

«Կրթություն եւ կարիերա» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը

Երեւանի թիվ 15 մանկապարտեզում

Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը