2016 թվականի մարտին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի սաները Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի դպրոցում առաջին անգամ ներկայացրեցին «Աղետիկը» երաժշտական փոքրիկ բեմադրությունը: Բեմադրության հիմքում ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանի «Աղետիկը» մանկական բանաստեղծություններն են, նպատակը՝ «Կրթություն խաղի միջոցով» ձեւաչափով անվտանգության մշակույթի ձեւավորման են նպաստելը: Անցած երեք տարում ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողները, ապա նաեւ մշակույթի կենտրոնի սաները տարբեր հաստատություններում եւ կազմակերպություններում ներկայացրել են «Աղետիկը»: Դեկտեմբերի 26-ին մշակույթի կենտրոնի «911» թատերախմբի փոքրիկ դերասանները Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում էին՝ աշխատակիցների երեխաների համար «Աղետիկը» խաղալու: Սա տոնական «Աղետիկ» է, Ձմեռ Պապի մասնակցությամբ եւ ուշադրություն է հրավիրում Ամանորյա «վազքին» բնորոշ ռիսկերին եւ հորդորում է զգույշ լինել Ամանորյա տոնածառը զարդարելիս, խմորեղեն թխելիս, տաք կերակուր պատրաստելիս եւ այլն: Անփոփոխ է «Աղետիկի» զգուշացումը.

Թե չէ գիտե՞ք ինչ կլինի,

Եթե լույսից կայծ բռնկի:

Եվ բազմաթիվ նման զգուշացումներից հետո նույնն է պատգամը.

Եթե այսպես միավորվենք,

Արհավիրքին, աղետներին

Մենք կհաղթենք:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում խաղացված «Աղետիկից» հետո հանդիսատեսին ներկայացան ՀՀ ոստիկանության փոքրիկ երգիչները:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

 

«Աղետիկը» արդեն եղել է

«Երեխայի զարգացման կենտրոնում»

Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում

«Զատիկ» երեխաների աջակցության  կենտրոնում  եւ Կոտայքի ՍՕՍ մանկական գյուղում

«Կրթություն եւ կարիերա» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը

Երեւանի թիվ 15 մանկապարտեզում

Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը