Օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ Արմինե Հայրապետյանի նախաձեռնությամբ այսօր՝ դեկտեմբերի 26-ին ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողներին հանդիպեցին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի համալսարանական քոլեջի ուսանողներ Դանիել Օթթոսենն ու Միքել Ստյուարտ Ֆոգը: Այս քոլեջը մասնագիտացած է ճգնաժամային եւ ռիսկերի կառավարման կրթության ոլորտում ոչ միայն տեսական դասերով, այլ նաեւ՝ գործնական պարապմունքներով, ուսանողներն էլ Հայաստանում են անօդաչու թռչող սարքերին՝ ԱԹՍ, առնչվող ռիսկերը եւ սեյսմիկ անվտանգության հարցերը ուսումնասիրելու նպատակով:

Դանիել Օթթոսենն ու Միքել Ստյուարտ Ֆոգը տեղեկացրեցին, որ իրենց քոլեջ տարեկան մոտ 135 ուսանող է ընդունվում, գալիս են ոչ միայն ճգնաժամային կառավարման դանիական ազգային գործակալությունից, այլ նաեւ զինված ուժերից, այլ կառույցներից: Կոպենհագենի համալսարանական քոլեջում բազմաթիվ օտարերկրյա ուսանողներ կան, Դանիելն ու Միքելը շատ կուզեին իրենց շարքերում հայ ուսանողներ տեսնել: Հանդիպման ժամանակ պարզվեց, որ աղետների ռիսկի կառավարման հարցում Հայաստանն ու Դանիան նույն կերպ են մտածում. աղետը սահման չունի, աղետի ժամանակ ոչ ոք միայնակ չէ եւ անվտանգության մշակույթ եւ հասարակություն ձեւավորելով մեկ նպատակի ենք ձգտում՝ ունենալ ավելի ապահով մոլորակ:

Օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ Արմինե Հայրապետյանի խոսքով, այս հանդիպումը միայն առաջին քայլն է Կոպենհագենի համալսարանական քոլեջի հետ համագործակցություն ձեւավորելու, կամուրջ կառուցելու հարցում: «Ես պատրաստվում եմ ակադեմիայի ղեկավարության հետ համատեղ նամակով դիմել Կոպենհագենի համալսարանական քոլեջի ղեկավարությանը փորձի փոխանակման ծրագրեր իրականացնելու առաջարկով: Սա օգտակար կլինի թե մեր, թե նրանց ուսանողներին: Ամուր հավատ եւ վստահություն ունեմ, որ կարող ենք լավ կապեր ստեղծել»,- նկատեց Արմինե Հայրապետյանը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ