Դեկտեմբերի 21-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կայացավ «Փրկարարական գործ» հեռակա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրի 8 շրջանավարտների մագիստրոսական թեզերի պաշտպանությունը: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի կազմում էին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ մայոր Վրեժ Գաբրիելյանը, ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ մայոր Համլետ Մաթեւոսյանը, պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Գեւորգ Հովակիմյանը, փրկարարական ամբիոնի վարիչ, փ/ծ գնդապետ Կարեն Զիրաքյանը, դոցենտ Գարիկ Ալավերդյանը: Թեմաներն էին «Քարաթափումների կանխարգելման ինժեներապաշտպանական միջոցառումներ», «Սեյսմիկ երեւույթներից առաջացած արտակարգ իրավիճակներում կառավարման խնդիրները», «Հրդեհաշիջման կազմակերպումը օդանավակայանում», «Քիմիական նյութերը գյուղատնտեսությունում, դրանց դերը շրջակա միջավայրի աղտոտման գործում եւ աղտոտված հողերի մոնիթորինգը», «Հանքարդյունաբերության զարգացումը Հայաստանի Հանրապետությունում եւ պոչամբարների անվտանգ շահագործումը» եւ այլն:

Կարեն Զիրաքյանի խոսքով` փրկարարական ոլորտին առնչվող շատ թեմաներ դեռ խոր գիտական ուսումնասիրության կարիք ունեն, թեեւ ուսանողները բավական լայնածավալ գրականությունից էին օգտվել եւ սեփական առաջարկները մշակել: Աշխատանքներից առանձնացել էր հատկապես պոչամբարների անվտանգության մասին թեզը, որում ներկայացվել էին այս ոլորտում ԱԻ նախարարության` որպես վերահսկիչ մարմնի կառավարման խնդիրները: Հետաքրքիր էր նաեւ քարաթափումների կանխարգելման առավել անվտանգ ուղիների եւ Հայաստանում դրանց տեղայնացման հեռանկարների մասին աշխատանքը:

Հիշեցնենք, որ այս տարի «Ճգնաժամային կառավարում» եւ «Փրկարարական գործ» հեռակա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրի շրջանավարտները 18-ն են: Նրանց 80 տոկոսն արդեն իսկ աշխատում է ընտրած մասնագիտությամբ: 2008 թվականից առայսօր այս երկու մասնագիտությունների առկա եւ հեռակա ուսուցման մագիստրոսի կրթական ծրագրերն ավարտել Է 223 շրջանավարտ, որից 35-ը` գերազանցության դիպլոմով:

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները` Վահրամ ԱՎՈՅԱՆԻ