Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Քաղաքացիական պաշտպանություն» բաժնի ուսանող, 18-ամյա Էրիկ-Գոռ Համզոյանը պրոֆեսիոնալ ձյուդոիստ է, Հայաստանի քառակի չեմպիոն։ 2018 թվականից նաեւ սամբոյով է զբաղվում։ Վերջերս առաջին անգամ մասնակցել է սամբոյի աշխարհի առաջնությանը, հաղթել Եվրոպայի գործող չեմպիոնին։ Խոստովանում է՝ ավելի լավ նախապատրաստվելու դեպքում կարող էր նաեւ առաջատարը լինել։

Այժմ գերծանր քաշային կարգում է հանդես գալիս՝ մրցելով պատանիների եւ երիտասարդների հետ։ Հայաստանում իր քաշային կարգի մրցակիցներ գրեթե չունի, բացի դրանից՝ մարզական հավաքներ քիչ են անցկացվում, ինչի պատճառով մեծ հաջողությունները հեռանկարային չեն։ Մարզիկը, սակայն, չի հուսահատվում, պարբերաբար կատարելագործում է իր տեխնիկան․ միջազգային մրցույթներում նվաճած բազմաթիվ մեդալները քրտնաջան աշխատանքի արդյունքն են։

Թե որ սպորտաձեւն է իրեն ավելի հոգեհարազատ, Էրիկը դժվարանում է պատասխանել․ ձյուդոն արագություն եւ ճկունություն է պահանջում, սամբոն՝ ֆիզիկական ուժ։ Ձյուդոյի թերությունը մեկն է՝ չնչին խախտումների համար մարզիկին «պատժում են»։

Սպորտում մրցակցի հանդեպ հարգանքը երիտասարդը շատ է կարեւորում, այստեղ ատելությունը տեղ չունի։ «Հաճախ լրատվամիջոցներով լսում ենք, որ հայ մարզիկը «ջախջախել է» թուրք կամ ադրբեջանցի մրցակցին։ Ըստ իս՝ սա ճիշտ մոտեցում չէ․մենք նույնպես պարտություններ ենք կրում, բայց դրա մասին քիչ է խոսվում։ Իհարկե, ոչ ոք չի ընդունում «կեղտոտ» խաղի կանոններ, սակայն սպորտում համեստությունն օրինակելի հատկանիշ է»,- նշում է Էրիկը՝ մատնացույց անելով խորհրդային մարզիկ, օլիմպիական եռակի չեմպիոն Ալեքսանդր Կարելինին, որն աչքի է ընկնում ոչ միայն իր զսպվածությամբ, այլեւ խելքով։

Երիտասարդ մարզիկը շուտով հայոց բանակ է զորակոչվելու։ Վստահ է՝ զինվորական ծառայությունն է տղամարդուն ինքնուրույն եւ հոգեպես կոփված դարձնում։ Դժվարություններին սովոր է․ լինում է՝ մրցումների պատճառով երկար ժամանակ բացակայում է տնից։ Պետք է լավատես լինել, այդ դեպքում ամեն ինչ հաղթահարելի կթվա։ «Մարզադահլիճն իմ երկրորդ տունն , հուսով եմ, որ բանակում նույնպես սպորտով զբաղվելու հնարավորություն կունենամ։ Կարծում եմ՝ պետությունը, Հայաստանի չեմպիոններին որոշակի արտոնություն տալով, կգրավի նաեւ այլ երկրների դրոշի տակ ելույթ ունեցող տաղանդավոր հայ մարզիկներին, որոնք ժամանակին պետական աջակցություն չեն ստացել»,- ասում է Էրիկը։

Քչերը գիտեն, որ բարձրահասակ եւ հաղթանդամ ձյուդոիստը նաեւ նկարչական տաղանդ ունի, բազմաթիվ ցուցահանդեսների է մասնակցել։ Սակայն ի վերջո սպորտը հաղթել է արվեստին։ Բոլոր նրանց, ովքեր անընդհատ հետաձգում են մարզասրահ հաճախելու որոշումը, Էրիկը  խորհուրդ է տալիս ժամանակ չկորցնել․ սպորտը մարդուն ինքնավստահ է դարձնում, առողջ, բավարարված, ինչու չէ, ձեռք ես բերում բազմաթիվ երկրապագուներ։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ