Դեկտեմբերի 19-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կայացավ «Ճգնաժամային կառավարում» հեռակա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրի 10  շրջանավարտների մագիստրոսական թեզերի պաշտպանությունը։ Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի կազմում էին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալմայոր Վրեժ Գաբրիելյանը, ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ մայոր Համլետ Մաթեւոսյանը, ուսումնական գծով պրոռեկտոր Հայկանդուխտ Ղարիբյանըդասախոս Մուշեղ Հակոբյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի պետ, փ/ծ գնդապետ Վալերի Բագիյանը։

Թեմաներն էին «Դիմակայուն քաղաքների փորձի ներդրումը Հայաստանի Կապան քաղաքի օրինակով», «ՀՀ աղքատության հաղթահարման հիմնախնդիրները ճգնաժամային կառավարման համատեքստում», «Կլիմայի փոփոխության հետեւանքները Արագածոտնի մարզի էկոհամակարգրի վրա եւ դրա ռիսկերի կառավարման ուղիները», «ՀԱԷԿի վթարի դեպքում պլանավորման գոտիներում բնակվող բնակչության գործողությունների վերլուծությունները», «Հանրային առողջության ապահովումը, որպես ճգնաժամային կառավարման գործընթացի բաղկացուցիչ» եւ այլն։

Մագիստրոսական աշխատանքների համակարգող, ՃԿ ամբիոնի դոցենտ Մուշեղ Հակոբյանի խոսքով՝ այս տարվա շրջանավարտներից ոմանք ինքնուրույն հետազոտություն էին իրականացրել՝ հիմնվելով սոցհարցման եւ օրենսդրական ուսումնասիրության վրա։ Մագիստրոս Ռոզա Մելքումյանը նույնիսկ հանրային առողջության ոլորտին վերաբերող օրենքի նախագիծ է ներկայացրել։ «Հանրային քաղաքականության առանձնահատկությունները եւ զարգացման փուլերը ՀՀում» թեմայով թեզում շարադրված առաջարկների հիման վրա ամբիոնը որոշել է ԱԻ ոլորտում հարկային բարեփոխումների փաթեթ մշակել եւ ներկայացնել համապատասխան մարմիններին։ Աշխատանքներում օգտագործվել է բազմալեզու գրականություն եւ ինֆոգրաֆիկա։

Նշենք, որ այս տարի «Ճգնաժամային կառավարում» եւ «Փրկարարական գործ» հեռակա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրի շրջանավարտները 18-ն են։ Նրանց 80 տոկոսն արդեն իսկ աշխատում է ընտրած մասնագիտությամբ։ 2008 թվականից մինչ օրս այս երկու մասնագիտությունների առկա եւ հեռակա ուսուցման մագիստրոսի կրթական ծրագրերն ավարտել է 223 շրջանավարտ, որից 35-ը՝  գերազանցության դիպլոմով։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ