Դեկտեմբերի 14-ին Երեւանի բուսաբանական այգում անցկացվեց «Տեղանքում կողմնորոշում» մրցաձեւի անհատական առաջնություն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման  պետական ակադեմիայի ուսանողների միջեւ։ Մասնակցեցին տարբեր  մասնագիտական խմբերի 5 աղջիկ եւ 8 տղա։ Առաջնությունը կազմակերպել էր ուսանողական խորհրդի սպորտային միջոցառումների պատասխանատու, «Ճգնաժամային կառավարում» բաժնի 17-րդ խմբի ուսանող Արմեն Աբրահամյանը։

Քարտեզով կետանշված տարածքում (տղաներ՝ 1800 մ, աղջիկներ՝ 1200 մ) տեղադրվել էին կողմնորոշիչներ, որոնցով ուսանողներն անցան երթուղին։

Գլխավոր մրցավար, Հակահրդեհային պատրաստության ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Հովհաննես Խաչատրյանի խոսքով՝ տարիներ առաջին գրեթե բոլոր բուհերն ունեցել են «Տեղանքում կողմնորոշում» մարզաձևի թիմեր, անցկացվել են տարբեր մրցումներ։ Սակայն այսօր այս սպորտն այլեւ արդիական չէ։ ՃԿՊԱ բակալավրիատի ուսանողները, որոնք համանուն առարկա են անցնում, ցանկություն էին հայտնել գործնականում կիրառել իրենց հմտությունները։ Առաջնության ժամանակ զգոնությամբ եւ ճարպկությամբ աչքի ընկան հատկապես աղջիկները։ Հովհաննես Խաչատրյանը լիահույս է, որ նման մրցումները «վարակիչ» կդառնան նաեւ մյուսների համար։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են մասնակիցները