Նոյեմբերի 28-29-ը կայացավ «Հմտություններ բիզնեսի համար եւ բիզնես՝ հմտությունների համար» խորագրով մասնագիտական կրթության եւ ուսուցման (ՄԿՈւ) միջազգային համաժողովը, որին մասնակցում էին նաեւ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ներկայացուցիչներ: Համաժողովն իրականացնում են ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն ու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)՝ «Մասնավոր հատվածի զարգացում, մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Նպատակը՝ ստեղծել հանրային եւ մասնավոր հատվածի, արդյունաբերության, բիզնեսի, ՀԿ-ների եւ ՄԿՈՒ այլ շահագրգիռ կողմերի համար դինամիկ հարթակ, որը կաջակցի Հայաստանում ՄԿՈՒ ոլորտի շարունակական զարգացմանը։

Քննարկվեցին մի շարք թեմաներ՝  «Դուալ ՄԿՈՒ-ն՝ հանուն կանաչ եւ ներառական տնտեսության»,  «ՄԿՈՒ եւ թվայնացում», «Ընդհանրական հմտություններ՝ շարունակական կրթության համար եւ ձեռնարկատիրական հմտությունների զարգացում»: Ներկայացվեցին նաեւ հայ եւ միջազգային փորձագետների, հանրային եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչների շնորհանդեսներ։