Դեկտեմբերի 6-ին Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա էին այցելել Մոսկվայի Մ․ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երեւանյան մասնաճյուղի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սիմոն Սնգրյանը եւ նույն կառույցին կից Արմեն Երիցյանի անվան դպրոցի տնօրեն Արտավազդ Մամյանը։

ՃԿՊԱ ղեկավարության հետ քննարկվեցին երկու բուհերի հետագա համագործակցության հարցեր։ Նախատեսվում են ուսանողների փոխանակման, դասախոսների վերապատրաստման  ծրագրեր։ ՃԿՊԱ մասնագետները դասախոսություններ կկարդան Մոսկվայի պետական համալսարանում, իսկ հայ ուսանողները կխորացնեն «Տնտեսագիտություն», «Օտար լեզուներ» եւ այլ առարկաների իրենց գիտելիքները ռուս մասնագետների շնորհիվ։

Համագործակցության շրջանակներում Արմեն  Երիցյանի անվան դպրոցում կկառուցվի արտակարգ իրավիճակներին նվիրված դասասենյակ, որտեղ առաջին օգնության, պաշտպանության վարքականոնի եւ այլ թեմաներով դասընթացներ կվարեն ՃԿՊԱ դասախոսները։

Արտավազդ Մամյանի խոսքով՝ «Արտակարգ» լաբորատորիայի համար անհրաժեշտ պարագաների ցուցակագրումն արդեն սկսվել է, կրթական ծրագիրը մշակման փուլում է։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ