Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան դեկտեմբերի 6-ին հյուրընկալեց Միջազգային փրկարարական կորպուսի ներկայացուցիչներ Էնմարի Մըքդոնալդին եւ Ռոբերտ Բարրին, որոնք երկրաշարժից օրեր անց որոնողափրկարարական աշխատանքներ են կատարել տուժած համայնքներում: Հանդիպմանը ներկա էին նաեւ Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության ներկայացուցիչ Սամվել Հունանյանն ու պաշտպանության հարցերով կցորդի տեղակալ մայոր Վիլիամ Ջորջը:

Էնմարի Մըքդոնալդն ուսանողներին պատմեց կորպուսի գործունեության, կամավորների վերապատրաստման եւ տարբեր երկրներում իրականացրած մարդասիրական առաքելության մասին: Նրա խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժն անասելի ավերածություններ էր թողել, կորպուսի կամավորները միակն էին, որոնք վրաններ էին խփել անմիջապես փլատակների դիմաց: Ամենուրեք օգնության ձայներ էին լսվում: Գործի էր դրվում ամեն հնարավոր բան՝ ծանր տեխնիկա, սարքավորումներ, շներ, երբեմն նույնիսկ պրակտիկայում անհայտ հնարքներ: Փրկարարական աշխատանքներին խոչընդոտող շատ հանգամանքներ կային. փոշու ամպը, ինչն ազդում էր շների հոտառության վրա, տեխնիկայի տեղաշարժումից առաջացած աղմուկն ու տատանումները, ինչի պատճառով փլատակներն ավելի էին սեղմվում: Այդ պայմաններում անգնահատելի էր տարբեր երկրների կամավորների համագործակցությունը եւ ողջ մնացած բնակչության օգնությունը, որոնք մոռացել էին իրենց ցավը: Վախից թե անփորձությունից՝ ոմանք հույսը դնում էին մասնագետների վրա՝ չգիտակցելով, որ երկրաշարժի գոտում բոլորն են վտանգված: Այդպես եղավ «Սպիտակ» փրկարար ջոկատի կամավորների հետ, որոնց մեքենան արգելափակվել էր փլուզման հետեւանքով:

«Մարդիկ պաշտպանության տարրական կանոնների  չէին տիրապետում: Տուժածների զգալի մասը մահացել էր ոչ թե փլատակներում հայտնվելուց, այլ փոշուց շնչահեղձ լինելուց: Երկրաշարժն իր հետքը թողել էր նաեւ Երեւանին մոտ համայնքներում: Մանկապարտեզներից մեկում 20-ից ավելի երեխա էր զոհվել»,- վերհիշեց տիկին Մըքդոնալդը՝  զուգահեռներ տանելով 1999 թ. Թուրքայի եւ 2003 թ. Իրանի երկրաշարժերի հետ:

Հանդիպման ավարտին ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը շնորհակալություն հայտնեց կամավորներին իրենց անձնվեր աշխատանքի համար:

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ