Հոկտեմբերի 19-ին եւ 20-ին Ռուսաստանի Կազան քաղաքի ազգային հետազոտական տեխնիկական համալսարանում անցկացված «Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030թթ. գործողությունների ծրագրի խնդիրների լուծման նորարական մոտեցումներ» թեմայովգիտագործնական կոնֆերանսում  երկու զեկույց է ներկայացրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալմայոր Համլետ Մաթեւոսյանը՝ «Անվտանգության մշակույթի ձեւավորման կրթության հայեցակարգային հարցերը» եւ «Հայաստանի հանրապետության կրթության համակարգում աղետների ռիսկի նվազեցման ներդրման արդյունքները»:

Ներկայացնում ենք հատվածներ «Հայաստանի հանրապետության կրթության համակարգում աղետների ռիսկի նվազեցման ներդրման արդյունքները» զեկույցից:

Հայաստանի հանրապետության կրթության համակարգում աղետների ռիսկի նվազեցման թեմաներ կան կրթության բոլոր մակարդակներում՝ նախադպրոցական հաստատություններ, դպրոցներ, միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններ: Թեմաները ներկայացված են հստակ տրամաբանությամբ. կրտսեր դպրոցում թեման տանը, փողոցում հնարավոր արտակարգ իրավիճակներն են ու դրանց հետեւանքները, հիմնական՝ միջին դպրոցում բնական եւ տեխնածին արտակարգ իրավիճակները, ռիսկերը, վտանգավոր իրավիճակները ու անհետաձգելի օգնության տրամադրման ձեւերը, ավագ դպրոցում՝բնական եւ տեխնածին աղետների ռիսկերն ու աղետների ռիսկի նվազեցման հնարավորությունների զարգացումը:

Հայաստանի կրթական համակարգում չկա «Կենսագործունեության անվտանգություն» կամ նման այլ առարկա: Աղետների ռիսկի նվազեցման թեմաները ներառված են այլ առարկաների ծրագրերում: Օրինակ՝ կրտսեր դպրոցում «Ես եւ շրջակա աշխարհը», հիմնական դպրոցում՝ «Բնագիտություն», «Աշխարհագրություն», «Բնապահպանություն», ավագ դպրոցում՝ «Նախնական զինվորական պատրաստություն»:

Հայաստանի հանրապետությունում դպրոցները պետք է ունենան աղետների ռիսկի կառավարման՝ դպրոցի անվտանգության պլաններ, որում ներառված կլինեն դպրոցին սպառնացող ռիսկերի, դրանց արձագանքելու կարողությունների, ազդարարման համակարգի, տարհանման ուղիների, առաջին օգնության տրամադրման եւ այս կարգի այլ տեղեկություններ:

«Անվտանգության մշակույթի ձեւավորման կրթության հայեցակարգային հարցերը» զեկույցը՝ այստեղ