Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանող,  15-ամյա Հայկ Ռեչելյանը «Փյունիկ-2003» մանկապատանեկան ֆուտբոլային թիմի կիսապաշտպանն է, 10 տարի պրոֆեսիոնալ սպորտով է զբաղվում։ Չնայած երիտասարդ տարիքին և բազմաթիվ մեդալներին՝ իր ուժերն օբյեկտիվորեն գնահատել գիտի․ վստահ է՝ լավ ֆուտբոլիստը միշտ պետք է ավելիին ձգտի։

Այս տարի ամռանը Նովոռոսիսկում ինը թիմերի միջև կայացած միջազգային առաջնությունն ավարտվել էր «Փյունիկ»-ի հաղթանակով։  Հայ պատանիները Հայաստան էին վերադարձել նոր ընկերների, լավ ժամանցի մասին հուշերով և ստեղծագործական տրամադրությամբ։ «Մարզիչն ամեն խաղից առաջ մեզ հավատացնում է, որ ամենաուժեղն ենք, հորդորում լինել վստահ և թիմային խաղ ցույց տալ։ Որքան էլ դու տեխնիկայով առավել լինես մյուսներից, միևնույն է՝ առանց թիմի ոչինչ ես»,- համեստորեն ասում է պատանի ֆուտբոլիստը։

Հայկական ֆուտբոլի մասին խոսելիս Հայկը նշում է՝ մեր մարզիկները մեծ ներուժ ունեն, առկա են լավագույն պայմանները պարապմունքների համար։ Իսկ ազգային  հավաքականի կրած պարտությունների պատճառն այն է, որ որոշ ֆուտբոլիստներ երկար ժամանակ միասին չեն խաղում և սկսում են խաղադաշտում իրար «չհասկանալ»։

Արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիից Հայկը շատ բան է սովորել՝ աշխատասիրություն, հարգանք մրցակցի նկատմամբ, երազանքի հետևից գնալու կամք՝ անկախ դժվարություններից։

Սնահավատ չէ. հին մարզակոշիկների, աջ ոտքով մարզադաշտ մտնելու, հատուկ ժեստերի և թալիսմանների մոգությանը չի հավատում: Փոխարենը հույսը դնում է իր ոտքերի ուժի վրա, ինչը ձեռք է բերում երկարատև և քրտնաջան պարապմունքների արդյունքում:  Հայկի կարծիքով՝ թեև ֆուտբոլը տղաների խաղ է, սակայն աղջիկներն էլ կարող են բացառիկ ունակություններ դրսևորել։

Հուլիսին Լատինական Ամերիկայի և Եվրոպայի թիմերի «Լեգենդների խաղի» ժամանակ մեծ ֆուտբոլասերն առաջին շարքերում էր: Նրա կուռքը՝ բրազիլական ֆուտբոլի աստղ Ռոնալդինյո Գաուչոն, հրաշալի խաղաց՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ լեգենդներն անմահ են։

Սպորտին զուգահեռ ֆուտբոլիստը նաև ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրով «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտությամբ է սովորում։ Մարդասիրությունն իր մեջ ծնողներն են սերմանել, իսկ ակադեմիայում ստացած գիտելիքը թույլ է տալիս ավելի խելամտորեն օգնել դիմացինին։

Երազանքների մասին բարձրաձայնել չի սիրում․ միայն գիտի, որ ապագայում մեծ սպորտում ասելիք ունի։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ