Այս տարվա հունիսի 18-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի գիտական խորհուրդը հրատարակման երաշխավորեց ՃԿՊԱ դասախոսների մշակած 15 նոր ձեռնարկ հետեւյալ թեմաներով. փլուզված շինություններում որոնողափրկարարական աշխատանքներ, որոնողափրկարարական աշխատանքներ միջազգային արձագանքում, հրդեհաշիջման առաջնային միջոցներ եւ տեխնիկական համալրվածություն, արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամային կառավարման ոլորտի բառերով անգլերեն տեքստերի ձեռնարկ եւ խնդիրներ, ջերմատեխնիկա, հավանականությունների տեսություն, քաղաքացիական պաշտպանության մարտավարություն, շինարարական նյութերի հրդեհավտանգավորություն եւ այլն:

ՃԿՊԱ գիտաուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունեերի թեկնածու, դոցենտ Հ. Ղարիբյանի խոսքով, մինչեւ 2018-2019 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտը ակադեմիայի գրադարանը կհարստանա եւս 15 ձեռնարկով, որոնք ուղղված կլինեն քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներին:

Ըստ տիկին Ղարիբյանի, շուտով կհրատարակվի նաեւ «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» գիտական եւ գիտամեթոդական հոդվածների ժողովածուի 13-րդ համարը՝ 35 գիտական ու մեթոդական հոդվածով: «Ժողովածուն հրատարակվում է 2010 թվականից, նախատեսված է հատկապես ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումների ու այլ մասնագետների համար: Հոդվածագիր հեղինակների զգալի մասը ակադեմիայի պրփֆեսորադասախոսական կազմն է: Առայսօր հրատարակված 333 գիտական ու մեթոդական հոդվածներից 191-ը ներկայացրել են ակադեմիայի մասնագետները: Ժողովածուն լայն ճանաչում է գտել ոչ միայն մեր հանրապետությունում, այլեւ արտերկրում: Դրա վառ ապացույցն է ժողովածուի տարբեր համարներում հրատարակված օտարերկրյա գործընկերների հոդվածները» , — տեղեկացրեց Հ.Ղարիբյանը:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ